Մատչելիության հղումներ

Վաշինգթոնն ու Անկարան ցանկանում են «նոր էջ բացել»


«Փոխնախագահ Մայք Փենսն ընդունել է Բինալի Յըլդըրըմին և վերահաստատել է Միացյալ Նահանգների ու Թուրքիայի ռազմավարական ամուր համագործակցության կարևորությունը: Երկու ղեկավարները նշել են, որ դաշնակից և բարեկամ երկրների կապերի զարգացման համար անհրաժեշտ է կառուցողական երկխոսություն, և հույս են հայտնել, որ այս հանդիպումը կընձեռի Ամերիկայի և Թուրքիայի հարաբերություններում նոր էջ բացելու հնարավորություն», - ասվում է պաշտոնական Վաշինգթոնի տարածած հաղորդագրությունում:

TRT World թուրքական հեռուստակայանի փոխանցմամբ, Սպիտակ տան Ռուզվելթի սենյակում 1 ժամ 20 րոպե տևած հանդիպումը դռնփակ է անցել:

Փենսն ու Յըլդըրըմը քննարկել են ոչ միայն թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, այլև միջազգային իրավիճակը, մասնավորապես, Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունների կարգավորման թեման:

Պաշտոնական հաղորդագրություններում բարեկամության կարևորությունն է ընդգծվում, մինչդեռ, երկու երկրների միջև այսօր առկա են տարաձայնություններ:

Անկարան պահանջում է արտահանձնել 1999 թվականից Փենսիլվանիայի նահանգում ապաստանած կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին, ով, ըստ թուրքերի, հանդիսանում է անցյալ տարվա ձախողված հեղաշրջման բուն գաղափարախոսն ու կազմակերպիչը:

Վաշինգթոնը, առնվազն այսօրվա դրությամբ, մերժում է պահանջը, և դա բացատրում է արտահանձնումը կարգավորող ներամերիկյան բարդ օրենքներով: Ինքը Գյուլենը կտրականապես հերքում է Անկարայի հնչեցրած մեղադրանքը:

Վերջին շրջանում թուրքերը լրտեսության և գյուլենականների հետ կապեր ունենալու մեղադրանքով ձերբակալել են Ստամբուլում ամերիկյան գլխավոր հյուպատոսարանի երկու թուրք աշխատակիցներին:

Ի պատասխան դրան ԱՄՆ-ը գրեթե մեկ ամիս առաջ դադարեցրել էր վիզաների տրամադրումը, նույն քայլին էր դիմել Անկարան, և միայն այս շաբաթասկզբից են ամերիկացիները վերսկսել վիզաները թողարկումը, այն էլ՝ սահմանափակ կարգով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նաև խիստ զայրացրել է այն, որ ամերիկացիները Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները խախտելու մեղադրանքով դատական գործեր են հարուցել մի շարք գործարարների, այդ թվում Թուրքիայի նախկին տնտեսության նախարար, ներկայում խորհրդարանի պատգամավոր, Էրդողանի դաշնակիցը համարվող Մեհմեթ Զաֆեր Չաղլայանի նկատմամբ:

«Քայլ Թուրքիայի դեմ», - այդպես է որակել մեղադրանքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է ամերիկյան կողմի արտահայտած դժգոհության մասին:

Փոխնախագահ Մայք Փենսը Բինալի Յըլդըրըմի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալության և ստամբուլյան հյուպատոսարանի թուրք աշխատակիցներին ներկայացված մեղադրանքի կապակցությամբ:

Ավելին, պետական դեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթի փոխանցմամբ, Փենսը խոսել է Թուրքիայում արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և լրագրողներին հալածելու գործելակերպի մասին:

Փենսը ընդգծել է, որ այդ բոլոր մարդկանց նկատմամբ հարուցված գործերը պետք է քննվեն թափանցիկության և արդարության պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG