Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, թե Միացյալ Նահանգներն ուզում է միջամտել գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին: Մեղադրանքը հնչել է երեկ՝ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրթերից, ով Չելյաբինսկում՝ Կոմպրեսորների գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը պնդել է՝ չի բացառվում, որ Վաշինգտոնը փորձում է այս նպատակին հասնել ռուսաստանցի մարզիկների հետ կապված դոպինգային սկանդալի միջոցով:
«Լուրջ կասկածներ կան, որ ի պատասխան մեր կողմից նրանց ընտրություններին միջամտելու երևակայական մեղադրանքներին, Միացյալ Նահանգները հիմա ուզում է խնդիրներ ստեղծել Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Եթե դա իրոք այդպես է՝ շատ վատ է, քանի որ դրանով օլիմպիական խաղերի բուն իմաստն է սասանվում», - նշել է Ռուսաստանի նախագահը:
Նախօրեին պարզ դարձավ, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսաստանցի ևս չորս մարզիկների է զրկել է 2014-ին Սոչիի Օլիմպիադայում ստացած մեդալներից: Ավելին՝ միջազգային կազմակերպության որոշմամբ դահուկորդները մինչև կյանքի վերջ այլևս իրավունք չունեն մասնակցել օլիմպիական խաղերի՝ արգելված խթանիչներ օգտագործելու համար: Ավելի վաղ՝ անցած տարի, Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովը հայտարարել էր, թե Սոչիում ռուսների կեղծարարություններն աննախադեպ են եղել, անգամ մարզիկների բժշկական թղթերն են նորերով փոխարինվել, և որ այդ համակարգը վերահսկվել է պետական մակարդակով:
«Ահա, թե ինչն է ինձ անհանգստացնում․ Օլիմպիադան տեղի է ունենալու փետրվարին, իսկ ե՞րբ են մեր նախագահական ընտրությունները՝ մարտին: Շատ լուրջ կասկածներ կան, որ այդ ամենն արվում է, որպեսզի ոմանց համար անհրաժեշտ դժգոհության մթնոլորտ ստեղծվի, թե իբր պետությունը առնչություն ունի այդ խախտումների հետ և պատասխանատու է դրա համար», - մեկնաբանել է Պուտինը:
Ընդհանուր առմամբ, ռուսաստանցի մարզիկները 2014 թվականին Սոչիում 33 մեդալ էին նվաճել, որոնցից չորսն արդեն կորցրել են, ընդ որում, չի բացառվում, որ առաջիկայում այս թիվն ավելանա: Հաղորդվում է, որ ՄՕԿ-ի հանձնաժողովը մի քանի օրից քննելու է ռուս 6 հոկեյիստների ու երեք բիաթլոնուհիների գործը:
Մեդալները կորցնելուց ոչ պակաս ցավոտ է մարզիկների որակազրկումը, ինչի հետևանքով Ռուսաստանի օլիմպիական հավաքականը ավելի քիչ ներկայացուցիչ կունենա մի քանի ամսից Հարավային Կորեայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերում: Անցած տարի նույն այդ դոպինգային սկանդալի պատճառով Ռիոյի խաղերին մասնակցելու իրավունքից զրկվեց հարյուրից ավելի ռուսաստանցի մարզիկ: Ու թեև որակազրկման որոշումները կայացվում են անկախ հանձնաժողովների կողմից՝ մանրազնին հետաքննության արդյունքում, այդուամենայնիվ, Վլադիմիր Պուտինը չի բացառել՝ հրահանգները տրվում են օվկիանոսի մյուս կողմից:
«Այսօր միջազգային մարզական կազմակերպությունները, այդ թվում՝ ՄՕԿ—ը, շատ բաներից են կախվածության մեջ, նախևառաջ՝ հովանավորներից, գովազդատուներից և այլն: Այստեղ կապերի ու կախվածության մի ամբողջ շղթա է գործում, իսկ վերահսկիչ փաթեթը գտնվում է Միացյալ Նահանգներում, որովհետև այնտեղ են հիմնական այն ընկերությունները, որոնք պատվիրում ու վճարում են հեռուստատեսային իրավունքների համար, այնտեղ են հիմնական հովանավորներն ու գովազդատուները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Վերջին հետաքննություններից ու պատժամիջոցներից հետո տասնյակ երկրների ազգային հակադոպինգային գործակալություններ կոչ են արել ընդհանրապես զրկել Ռուսաստանի հավաքականին առաջիկա ձմեռային օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Միջազգային կառույցն այս հարցով իր վերջնական որոշումը կհրապարակի դեկտեմբերին: