Մատչելիության հղումներ

Անօթևանության խնդիրը Գյումրիում «կարող է լուծվել 4 տարվա ընթացքում»


Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, արխիվ
Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, արխիվ

Գյումրիում անօթևանության խնդրի լուծան համար, տարբեր գնահատականներով, կպահանջվի 30-40 մլն դոլար:

Քաղաքի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի կարծիքով, խնդիրը պետությունը կարող է վերջնականորեն լուծել 4 տարվա ընթացքում:

Բարսեղյանը չի հավատում, որ բյուջեում գումար չկա․ - «Մոտավորապես 35-40 միլիոն դոլարի ծախս է Գյումրու անօթևանությունից ազատվելը, իսկ դա պետական բյուջեի մոտավորապես 1.2-1.3 տոկոսն է: Չորս տարվա վրա եթե բաշխենք, տարեկան հարկավոր կլինի ճարել․․․ 8-9 միլիոն դոլար․․․ Պետք է մտածել էդ փողերը ճարելու համար: Չկա՞՝ ուրեմն պետական բյուջեից պիտի ճարենք»:

Գյումրիում երկրաշարժից հետո անօթևան մնացած ընտանիքների հարցը Կառավարությունը լուծված համարեց՝ գարնանը տրամադրելով վերջին 84 բնակարանների գնման վկայագրերը: Սակայն դա չի նշանակում, որ երկրաշարժին բնակարան կորցրած բոլոր անօթևանները փոխհատուցվեցին:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը բացատրում է, թե ինչու 100-ավոր ընտանիքներ դուրս մնացին փոխհատուցման ծրագրից․ - «Գյումրի քաղաքում կան մոտավորապես 600-700 անօթևաններ, որոնք ժամանակին՝ 2008 թվականից մինչև 11 թվականը փաստաթուղթ չներկայացրին՝ տարբեր պատճառներով: Դրանք բոլորը պետական ծրագրերից դուրս մնացին»:

Ինչ վերաբերում է քաղաքում տնակների առկայությանը, ապա տարբեր թվեր են շրջանառվում՝ 2500-ից մինչև 3500:

«Գյումրին առանց տնակաների» հիմնադրամը ուսումնասիրել ու հաշվառել է, թե քանի տնակ կա բնակեցված, քանիսի դռներն են փակ:

«Մոտ 3 հազար 400 տնակի առկայության մասին է այս պահին խոսքը: Շուրջ 2 հազար 500-ում, այո, ընտանիքներ բնակվում են: Փակ, չբնակեցված տնակները, որ 600-են այս պահի դրությամբ, այս ուղղությամբ նույնպես մենք առաջարկում ենք համապատասխան որոշում կայացնել և ապամոնտաժել», - «Ազատության» հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանը:

Հիմնադրամը 25-րդ սոցիալական բնակարանը հանձնեց տնակում ապրող անապահով ընտանիքի:

Տարբեր հաշվարկներով, բարեգործական տարբեր միջոցներով շուրջ 150 բնակարան է տրամադրվել: Իհարկե սա խնդրի լուծում չէ, նկատում են քննարկման մասնակիցները, պետք է պետությունը տնակներում ապրող ընտանիքների նկատմամբ հստակ պարտավորություն ստանձնի, այլապես քաղաքը երբեք չի ազատվի տնակներից:

«Գյումրիի տակ նավթ, ոսկու հանք չկա, որպեսզի ինչ-որ հույս ունենանք: Մնում է գլխավոր երաշխավորը՝ պետությունը: Տերը պետական իշխանությունն է, ինքը պիտի այս հարցը լուծի: Սրա համար նախևառաջ հարկավոր է, որ պետական իշխանությունը ճանաչի այս խնդիրը», - ասաց Լևոն Բարսեղյանը:

Առաջարկվում են նաև լուծման տարբերակներ: Լևոն Բարսեղյան․ - «Ի՞նչը կխանգարի, եթե, ասենք, ավագանու անդամները քաղաքապետի հետ վարչապետի հետ հանդիպեն մի տասը հոգով, մանրամասնորեն՝ փաստաթղթերով ներկայացնեն էս խնդիրը․․․ Գնալ ասել՝ պարոն վարչապետ, ի՞նչ է լինելու, էս գենոֆոնդը, էս արտագաղթը ի՞նչ է լինելու»:

Հիշեցնեմ, որ ընդամենը մեկ ամսից կլրանա 1988-ի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG