Եվրամիությունը հետևելու է, որպեսզի Իրանի և գերտերությունների միջև կնքված համաձայնագրով ստանձնված պարտավորությունները «հետագայում էլ բոլոր կողմերը ամբողջությամբ իրականացնեն»: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Ելույթ ունենալով Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հրավիրված մամուլի ասուլիսին՝ Մոգերենին ընդգծել է, որ համաձայնագիրը «եվրոպական և միջազգային բազմակողմ դիվանագիտության խոշոր ձեռքբերումն է»:
Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հաստատել, որ Թեհրանը հետևում է 2015 թվականին կնքված համաձայնագրի դրույթներին, չնայած միջազգային տեսուչները Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերել:
Թրամփը նաև հայտարարել էր Իրանի հետ միջազգային գործարքը չեղարկելու մտադրության մասին, որն ըստ Սպիտակ տան ղեկավարի հակասում է ամերիկյան ազգային շահերին:
Մոգերինին ի պատասխան նշել էր, թե Վաշինգտոնը չի կարող միակողմանի կարգով դուրս գալ միջուկային գործարքից: