Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԼՂ ԱԺ խորհրդարանական պատվիրակությանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին:

Նախագահը շեշտել է՝ ինչ ձևաչափով էլ դրսևորվի փոխգործակցությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստեր, ԱԺ մշտական հանձնաժողովների պարբերաբար անցկացվող համատեղ նիստեր կամ պատգամավորական խմբերի շփումներ, դա, ամեն դեպքում, լավագույն ձևն է Հայաստանի և Ղարաբաղի միջև տեղեկատվություն փոխանակելու և ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը համատեղելու:

«Ինձ մշտապես լավատեսությամբ է համակում այն հանգամանքը, որ չնայած պարտադրված պատերազմին, չնայած շփման գծում լարվածության առկայությանը, Արցախի մեր քույրերն ու եղբայրները մեծ հավատով են լցված իրենց ապագայի նկատմամբ, և այդ հավատով ամրապնդում են իրենց պետականությունը, ավելացնում բարեկեցությունը, զարգացնում ժողովրդավարությունը: Եվ սա բոլորիս համոզում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, և որ մեր կամքն անբեկանելի է: Այս ճանապարհին, իհարկե, շատ կարևոր հանգրվան էր ընթացիկ տարվա փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը մեկ անգամ ևս հաստատեց, որ չկա խզվածություն Արցախի գործադիր ու օրենսդիր իշխանությունների և ժողովրդի միջև, իսկ սա չափազանց կարևոր հանգամանք է մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ այս ուղին անցնելու ճանապարհին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն մեր բոլոր քաղաքացիները, այլև համայն հայությունը ձեր կողքին է, և այդպես է լինելու մշտապես», - ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «Խորհրդարանականների քննարկումների արդյունքներն անհրաժեշտ է պարբերաբար հասցնել նաև երկու հանրապետությունների քաղաքացիներին, քանի որ, մենք ամուր ենք, լավատես ենք, հաստատակամ ենք, եթե մեր քայլերը համահունչ են մեր ժողովրդի ցանկությանը»:

Աշոտ Ղուլյանը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է միջխորհրդարանական այսօրվա նիստում քննարկվող հարցերի մասին: «Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն նախագահ, մենք հիմա շատ կարևոր փուլ ենք մտել և՛ Հայաստանում, և՛ Արցախում սահմանադրական հանրաքվեներից հետո մեր կյանքի կարգավորումները նոր սահմանադրություններով պայմանավորելու առումով: Թեկուզև մենք տարբեր կառավարման մոդելներ ենք ընտրել, բայց այս գործընթացի մեջ ունենք շատ ընդհանրություններ, որովհետև անցած ճանապարհն էլ է այդ մասին վկայում: Կան որոշ առանձնահատկություններ, որոնք, իհարկե, մենք կցանկանանք քննարկել մեր գործընկերների հետ, ովքեր տեղյակ են եղել այդ գործընթացից և կարող են օգտակար լինել մեր օրենսդրությունը հիմնական օրենքին համապատասխանեցնելու գործում», - ասել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG