Մատչելիության հղումներ

Թրամփը աննախադեպ ընդունելության է արժանացել Չինաստանում


Ընդհանուր առմամբ, երկու գերտերությունների առաջնորդները առիթը բաց չեն թողել միմյանց մեծարելու ու գովեստի խոսքեր հնչեցնելու համար:

Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը կոչ է անում Չինաստանին ավելի եռանդուն և արագ քայլեր ձեռնարկել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը հարթելու համար:

«Ժամանակն արդեն սպառվում է», - այսօր պնդել է Սպիտակ տան ղեկավարը Պեկինում՝ զուգահեռ գովեստի խոսքեր շռայլելով նախագահ Սի Ծինփինի հասցեին: - «Միացյալ Նահանգները հավատարիմ է Հյուսիսային Կորեայի լիակատար և վերջնական ապամիջուկայնացմանը, դա շատ կարևոր է: Չինաստանը կարող է հեշտորեն և արագ լուծել այդ խնդիրը: Կոչ եմ անում Չինաստանին ու այդ երկրի հզոր նախագահին եռանդուն աշխատել այս ուղղությամբ: Ես միայն մեկ բան գիտեմ ձեր նախագահի մասին. եթե նա եռանդուն է աշխատում, գործը գլուխ է գալիս, դրանում կասկած չկա»:

Թեև պաշտոնական Պեկինը միացել է Փհենյանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին, այդուամենայնիվ Սպիտակ տունն ուզում է, որ Չինաստանը նաև հավելյալ քայլեր ձեռնարկի Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ապօրինի առևտուրը դադարեցնելու համար:

Թրամփի՝ Չինաստան կատարած այցի առանցքային հարցը, սակայն, դարձել է երկկողմ առևտուրը:

Նախընտրական շրջանում Միացյալ Նահանգների նախագահը շարունակ հայտարարում էր՝ Չինաստանը Ամերիկայի հանդեպ շատ անարդար առևտրային քաղաքականություն է վարում:

«Չինաստանը բռնաբարում է մեզ», - քարոզարշավից առաջ պնդում էր Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով` «գումարը, որ տանում են նրանք Նահանգներից, ամենամեծ թալանն է Ամերիկայի պատմության մեջ»:

Երեկ ժամանելով Պեկին, սակայն, Սպիտակ տան ղեկավարը մեղմել է տոնը՝ քննադատության սլաքն ուղղելով իր նախորդների կողմը․ - «Հենց հիմա, ցավոք, առևտուրը միակողմանի է և անարդար, բայց ես դրա համար Չինաստանին չե՛մ մեղադրում: Ի վերջո` նրանք մեղավոր չեն, որ կարողացել են մեկ այլ երկրից ավելի շատ առավելություններ ստանալ իրենց քաղաքացիների համար: Ես մեղադրում եմ մեր նախորդ վարչակազմերին, որ թույլ են տվել, որ առևտրի այսպիսի անվերահսկելի պակասուրդ առաջանա ու գնալով մեծանա»:

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում միայն Չինաստանը Ամերիկա է արտահանել չորս անգամ ավելի շատ ապրանք, քան այնտեղից ներկրել՝ 270 միլիարդ դոլարի հասցնելով առևտրի պակասուրդը: Ընդ որում, Թրամփի՝ Պեկինում անցկացրած բանակցություններից հետո պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել է՝ «առայժմ այս խնդիրը չի հաջողվել հարթել, առաջընթացը շատ փոքր է»:

Փոխարենը ամերիկացի և չինացի գործարարներն են խոշոր պայմանագրեր կնքել՝ ավելի քան 250 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը Չինաստանի առևտրի նախարարությունը իսկական հրաշք է որակել: - «Միացյալ Նահանգների ու Չինաստանի հարաբերություններն այժմ գտնվում են նոր, պատմական մակարդակի վրա», - իր հերթին հայտարարել է նախագահ Սի Ծինփինը՝ հավելելով՝ Պեկինն ուզում է ընդարձակել համագործակցությունը Նահանգների հետ փոխադարձ հարգանքի ու շահի հիման վրա:

«Չինաստանի ու Միացյալ Նահանգների համար համագործակցությունն է միակ ճիշտ ընտրությունը, համագործակցություն, որից կշահեն երկու կողմն էլ», - նշել է նա:

Ընդհանուր առմամբ, երկու գերտերությունների առաջնորդները առիթը բաց չեն թողել միմյանց մեծարելու ու գովեստի խոսքեր հնչեցնելու համար:

Չինաստանի առաջնորդը կարմիր գորգ է փռել կենտրոնական Տյանանմեն հրապարակ տանող ճանապարհին, Թրամփի ընդունելությունն էլ ուղիղ հեռարձակվել է Չինաստանի պետական հեռուստաընկերությամբ, վերաբերմունք, որին մինչ օրս չէր արժանացել օտարերկրյա որևէ պաշտոնյա:

Դոնալդ Թրամփն էլ ոչ միայն հզոր առաջնորդ է որակել կոմունիստ Սի Ծինփինին, այլև հատուկ ի ցույց դրել, թե ինչպես է թոռնուհին՝ Արաբելա Քուշները, երգում ու արտասանում մանդարինով:

Չինաստանի պետական լրատվական գործակալությունը շտապել է հաղորդել՝ վեցամյա աղջնակի՝ iPad-ով ցուցադրված ելույթը Չինաստանում հազարավորների սիրտն է գրավել: Չինական Weibo սոցիալական ցանցում նույնիսկ հատուկ խումբ է ստեղծվել, ուր շատերն են գրել՝ «նա հրաշք է», ոմանք անգամ պնդել են՝ «երանի չինացու հետ ամուսնանա»: Միայն թե անհայտ է՝ գրաքննությամբ հայտնի երկրում այս գրառումներից քանիսն են խմբագրվել ու սրբագրվել, նկատում են արևմտյան լրատվամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG