Yahoo ընկերության նախկին ղեկավար Մարիսա Մայերը ռուսաստանցի գործակալներին է մեղադրել ընկերության ցանցից 2014 թվականին հսկայական ծավալով տեղեկատվություն գողանալու մեջ և ասել է, որ ներկայումս ոչ մի ընկերություն ապահովագրված չէ նման հարձակումներից:
Երեկ մասնակցելով ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին, Մայերն ասել է, որ Yahoo-ն մի շարք պաշտպանական համակարգեր է տեղադրել, սակայն ռուս գործակալները, ովքեր հետագայում պատասխանատվության են ենթարկվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից, կարողացել են շրջանցել դրանք:
«Ինչպես տեսնում ենք, որևէ ընկերություն, անձ, կամ նույնիսկ պետական կառույց չունի այդօրինակ անհատ կամ պետության հովանավորությամբ գործող հաքերների գրոհներից պաշտպանվելու երաշխիք», - ասել է Մայերը:
Այս տարվա մարտին ԱՄՆ իրավապահները մեղադրանք ենք ներկայացրել Ռուսաստանի հատուկ ծառայությունների երկու գործակալների, ովքեր 2014 թվականին կոտրել են Yahoo-ի սերվերները և մոտ 500 միլիոն օգտահաշիվ են գողացել:
Դրան հաջորդել է ռուսների կողմից 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու, այդ թվում հաքերային գրոհներ իրագործելու սկանդալը: