Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն այսօր հրաժարվել է մասնակցել դատական նիստին։ Նիստի մեկնարկին դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց՝ Եղնուկյանի ինքնազգացողությունը կրկին վատ է, նա զարկերակային բարձր ճնշում ունի և չի կարող մասնակցել դատավարությունը։

Անցած դատական նիստին, հիշեցնեմ, շտապօգնության բժշկի եզրակացությամբ նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ հետազոտման։

Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ստիպված է հետաձգել դատական նիստը, քանի որ Եղնուկյանը հրաժարվում է մասնակցել, իսկ վերջինիս պաշտպաններ Նինա Կարապետյանցն ու Տիգրան Հայրապետյանը չեն ներկայացել։

Մինչև այդ, սակայն, դատարավորն անդրադարձավ «Սասնա ծռերի» գործով 11-ի ամբաստանյալներից գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի խնդրանքին՝ պարտավորեցրել քրեակատարողական հիմնարկին իրեն տրամադրել նկարչական պարագաներ․ - «Ես ղեկավարության հետ խոսել եմ: Պատճառն ինչն է, որ Ձեզ չեն տրամադրում: Ասացին, որ վրձիններ, մատիտներ Ձեզ տրամադրել են, նկարում եք: Բայց յուղաներկ չեն կարող տրամադրել, քանի որ յուղաներկը արգելված իր է, այրվող առարկա է համարվում: Իսկ այրվող առարկան մեկուսարանում, խցերում չի թույլատրվում: Այդ պատճառով Ձեր այդ հարցը ներկա պահին չի կարող լուծվել»:

Աշոտ Պետրոսյանը, սակայն պնդեց, որ իրեն գունավոր մատիտներ, գրիչներ ու թուղթ չեն տրամադրել․ - «Ոչ, ստել են: Չի եղել ըտենց բան»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատավորին ներկայացրեց Դատապարտյալների հիվանդանոցում պահվող զինված խմբի մի քանի անդամների խնդիրը։ Ըստ փաստաբանի, վերջիններս առանձին մասնաշենքում են, առանձին սենյակներում, որտեղ չկա սանհանգույց։ Շուշանյանի խոսքով՝ ընդհանուր զուգարանից օգտնվելու համար նախկինում խնդիր չէր առաջանում, իսկ այժմ խցերի դռները կողպվում են, և նրանք ստիպված են լինում ժամերով սպասել բնական կարիքները հոգալու համար։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն հայտնեց, թե խնդրին տեղյակ չէր և առաջիկայում միջոցներ կձեռնարկի դրա լուծման համար։ Մուշեղ Շուշանյանը պնդում է, որ դա անմարդկային վերաբերմունք է դատապարտյալների նկատմամբ․ - «Մարդը բնական կարիք ունի, ու իրան հնարավորություն չի տրվում հոգալ էդ բնական կարիքը: Անմարդկային վերաբերմունք ա նաև: Ստեղ ուղղակի չեն հասկանում, որ կոնկրետ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ կապված լուրջ խնդիր կա»:

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն «Ազատության» հետ զրույցում բացառեց, որ զինված խմբի անդամները կարող են ժամեր շարունակ սպասել սանհանգույցից օգտվելու համար։ Նա հաստատեց, որ սենյակների դռները փակ են, բայց պնդեց, որ նման խոչընդոտներ չկան:

Հիշեցնենք, այս վարույթով 11 ամբաստանյալներ են անցնում՝ «Սասնա ծռերի» 7 անդամներ, զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող անձանցից Կարո Եղնուկյանն ու Խաչատուր Գիչյանը, ինչպես նաև Մանվել Աթոյանն ու Վարդգես Գևորգյանը։

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG