Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահը սկսեց պաշտոնական այցը Հայաստան, որը նա պատմական է որակում


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր տիկնոջ հետ Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Հայաստանի նախագահի նստավայրում Իգոր Դոդոնին և Գալինա Դոդոնին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահների առանձնազրույցը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մոլդովայի նախագահի պաշտոնական այցը, որը կայանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, նշելով․ - «Դա շատ լավ առիթ է վերլուծելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս 25 տարիների ընթացքում, և նախանշելու հեռանկարները: Մեր ժողովուրդների միջև կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, այդ պատճառով էլ մեր միջպետական հարաբերությունները կառուցված են շատ ամուր հիմքի վրա: Ես ուղղակի վստահ եմ, որ Ձեր այցը շատ լավ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների ակտիվացման համար: Մենք դրանում շահագրգռված ենք: Մենք շահագրգռված ենք բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, սերտ համագործակցության մեջ: Մենք փոխգործակցության որևէ սահմանափակում չունենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»:

Դոդոնը իր պաշտոնական այցը որակել է պատմական՝ նկատի առնելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած 25 տարիների ընթացքում սա Մոլդովայի նախագահի առաջին այցն է Հայաստան:

«Այս ընթացքում չի եղել ո՛չ աշխատանքային, ո՛չ պաշտոնական այց, այդ իսկ պատճառով, հաշվի առնելով մեր պատմական ընդհանուր կապերը, ընդհանուր շահերը և՛ ԱՊՀ շրջանակներում, և՛ ԱՊՀ տարածքում նոր ինտեգրացիոն նախագծերում, ես որոշում եմ կայացրել գալ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Իգոր Դոդոնը և շարունակել․ - «Մեզ հետաքրքրում է, և ես հույս ունեմ շատ մանրակրկիտ Ձեզ հետ քննարկել ձեր աշխատանքի փորձը ԵԱՏՄ շրջանակներում: Գիտեմ, որ մոտակա ժամանակներս ծրագրում եք ստորագրել Եվրոպական միության հետ համագործակցության մասին համաձայնագիր: Կարծում եմ, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են՝ Մոլդովան և Հայաստանը, դատապարտված են լավ հարաբերություններ ունենալու բոլորի հետ՝ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի: Մեզ համար՝ Մոլդովայի, ինչպես երբևէ, արդիական է հենց ձեր փորձը՝ և՛ ԵԱՏՄ-ում գտնվելու, և՛ ԵՄ-ի հետ համաձայնագրի: Ես ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ դիտորդ դառնալու մեր դիրքորոշմանն աջակցության համար»:

«Առաջին անգամ շատ լուրջ քայլ է արվել երկկողմ հարաբերությունները խորացնելու համար՝ նկատի ունեմ Հայաստանի դեսպանության բացումը Քիշնևում անցած տարվա վերջին: Եվ այս տարի մենք շատ ակտիվ սկսեցինք համագործակցել դեսպանի հետ, ում Դուք նշանակել եք Մոլդովայում: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք դուրս ենք գալիս մեր երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի», - հայտարարել է Մոլդովայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG