Պրահայում տեղակայված «Եվրոպական արժեքներ» վերլուծական կենտրոնը հրապարակել է զեկույց, որի համաձայն, Արևմուտքը պարտավոր է ավելի հստակ և վճռական արձագանքել Ռուսաստանի քայքայիչ գործողություններին:
«Դեմոկրատիաները պետք է կանգեցնեն Պուտինին» վերտառությամբ մոտ 7 տասնյակ փորձագետների կազմած զեկույցում ասվում է, որ արևմտյան երկրները սահմանափակ և թույլ արձագանք են տալիս դեմոկրատիաների պառակտմանն ուղղված Կրեմլի ծրագրին:
Ըստ վերլուծությունը պատրաստած փորձագետների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է պառակտել և տիրել Եվրատլանտյան տարածքում, ահաբեկում է դեմոկրատական երկրներին, ինչը չի գիտակցում Արևմուտքի քաղաքական վերնախավի մեծ մասը:
Զեկույցում ասվում է, որ «Ռուսաստանը որոշ երկրների սպառնում է, որոշ երկրների խոստումներ է տալիս և ներկայացնում է գայթակղիչ էներգետիկ գործարքներ, ակնկալելով, որ դրանք որդեգրեն ավելի հակաարևմտյան, հակադեմոկրատական և հակաազատական կեցվածք, գրեթե բոլոր երկրները ենթարկվում են հզոր գրոհի, որի ընթացքում Մոսկվան կիրառում է լրտեսության, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և համակարգված ապատեղեկատվության հնարավորությունները»:
Զեկույցը հրապարակվել է Եվրամիության արտգործնախարարների նոյեմբերի 13-ի համաժողովին ընդառաջ, որի օրակարգում արևելյան հարևանների հետ ռազմավարական համագործակցության հարցն է: