Մատչելիության հղումներ

Օձունում քվեաթերթիկների վերահաշվարկը չփոխեց ընտրության արդյունքը


Այսօր Օձուն խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքների վերահաշվարկից հետո պատկերը չփոխվեց։

Չնայած Օձունի 9 տարվա գյուղապետ Արսեն Տիտանյանի ստացած ձայները 6-ով պակասեցին, բայց վերահաշվարկից հետո էլ Տիտանյանը հիմնական մրցակցի՝ դիմումատուի նկատմամբ 27 ձայնի առավելություն ունի։

Վերահաշվարկի ժամանակ թեժ քննարկումները տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից վավեր համարված քվեաթերթիկների շուրջ էին։ Նախնական արդյունքներով պարտված թեկնածու Բարսեղ Այվազյանն ու նրա վստահված անձինք պահանջում էին դիտարկել սահմանված V նշումից տարբերվող ցանկացած նշան։ Կային նույն վանդակի մեջ արված կրկնակի, մգեցված, թեքված կամ ոչ հստակ նշումներ։

Մոտ 4000 ընտրող ունեցող Օձունի մի քանի տեղամասերում քվեաթերթիկների վրա, վանդակներից դուրս, կարմիր գծանշումներ կային, որոնք նմանեցվում էին եղունգների լաքից մնացած հետքերի։ Տեսնելով, որ դրանք մասսայական են՝ խորհրդատվության համար դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից պատասխանեցին․ - «Ինձ թվում ա, արդեն ծայրահեղությունների մեջ եք: Հաջորդ անգամ կարգելենք հանձնաժողովի անդամներին գունավոր մանիկյուրով ներկայանալ տեղամաս․․․ Եկեք շարժվենք Ընտրական օրենսգրքով․ ընտրողի կամքը հստակ ա․․․ վավեր քվեաթերթիկ է դա»:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահը «Ելք» դաշինքի անդամ Սուրեն Պապիկյանն էր, ով առարկում էր ԸԸՀ-ի որոշումներին․ - «Էնտեղ կային V-ից տարբերվող նշանով քվեաթերթիկներ, որոնք նման էին W տառին: Այդ իսկ պատճառով դրանք համարվել էին անվավեր քվեաթերթիկներ: Հիմա տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց, որ դրանք վավեր էին, քանի որ քաղաքացին իր կամքը արտահայտել է: Չնայած քաղաքացին իր կամքը արտահայտում է նաև, երբ իր կամքին վաղօրոք բռնացած են լինում»:

Քվեարկության արդյունքներից դժգոհ թեկնածուն՝ Բարսեղ Այվազյանը, վերահաշվարկի ժամանակ մի քանի անգամ շեշտեց, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու է նաև դատարանում։ Վերահաշվարկի հետո, սակայն, հրաժարվեց հստակեցնել իր դիրքորոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG