Մատչելիության հղումներ

Կատալոնիայում հազարավոր ցուցարարներ համընդհանուր գործադուլ են անցկացրել


Կատալոնիայում անկախության կողմնակից հազարավոր ցուցարարներ այսօր առավոտից համընդհանուր գործադուլի էին դուրս եկել՝ արգելափակելով տասնյակ ճանապարհներ, այդ թվում՝ դեպի Ֆրանսիա տանող գլխավոր ավտոմայրուղին:

Մայրաքաղաք Բարսելոնայում հարյուրավոր կատալոնացիներ ձեռք-ձեռքի տված պատնեշ էին կազմել ավտոճանապարհներին՝ Իսպանիայի իշխանություններից պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված առաջնորդներին:

Ժիրոնայում էլ մի խումբ ցուցարարների հաջողվել էր ոստիկանական արգելքը հաղթահարել ու ներխուժել գլխավոր երկաթուղային կայարան՝ խոչընդոտելով ճեպընթաց գնացքների աշխատանքը:

«Մենք ուզում ենք ցրել այն տպավորությունը, թե այստեղ կյանքը շարունակվում է բնականոն հունով, և ոչինչ էլ չի պատահել: Պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին, և այդ նպատակով կշարունակենք փողոց դուրս գալ, քանի որ Հանրապետությունը, որի անկախությունը մենք հռչակեցինք, մեր պաշտպանության կարիքն ունի», - «Ռոյթերզին» ասել է ցուցարարներից մեկը:

Երկրամասը անկախություն հռչակեց շուրջ տասն օր առաջ, ինչին ի պատասխան Իսպանիան ուղիղ կառավարում մտցրեց երկրամասում՝ պաշտոնանկ անելով ու ձերբակալելով անջատական առաջնորդներին: Կատալոնիայի նախկին կառավարության ութ նախարարներ այժմ իսպանական բանտում են՝ ապստամբության ու պետական միջոցները փոշիացնելու մեղադրանքներով: Չի բացառվում, որ առաջիկա օրերին նրանց կողքին հայտնվեն նաև երկրամասի պաշտոնանկ արված առաջնորդ Կառլես Պուջդեմոնն ու կառավարության չորս այլ անդամներ, որոնք հիմա գտնվում են Բրյուսելում: Մադրիդի դատարանը վերջիններիս ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, և արտահանձնման հարցով դիմել Բելգիայի իշխանություններին. ակնկալվում է, որ Բրյուսելի դատարանն այս հարցը կքննի նոյեմբերի 17-ին:

Մինչ այդ՝ Պուջդեմոնը Եվրոպայի մայրաքաղաքում նախընտրական արշավ է անցկացնում Կատալոնիայում դեկտեմբերի վերջին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

«Մենք հստակ հավաստիացումներ ենք ուզում Իսպանիայի իշխանություններից ու Եվրոպայից, որ նրանք հարգելու են այդ քվեարկության արդյունքները, ինչպիսին էլ որ դրանք լինեն», - հայտարարել է անջատական առաջնորդը՝ դիմելով Եվրամիության առաջնորդներին: - «Պարոն Յունկեր, պարոն Տայանի, արդյո՞ք սա է ձեր երազած Եվրոպան, արդյո՞ք սա է այն Եվրոպան, որ դուք ուզում եք ունենալ, Եվրոպա, ուր մի ամբողջ կառավարություն գտնվում է բանտում, ուր ժողովրդի օրինական քվեարկությամբ ընտրված առաջնորդները պաշտոնանկ են արվում: Մենք ուզում ենք իմանալ՝ արդյոք դուք ընդունելու եք ընտրությունների արդյունքը, եթե պարզվի, որ կատալոնացիները շարունակում են աջակցել իրենց կառավարությանը, իրենց խորհրդարանին ու կրկին կողմ են անկախությանը»:

Ավելի վաղ Եվրամիության առաջնորդները պնդել էին՝ Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեն օրինական չէ, և Բրյուսելը չի ճանաչելու դրա արդյունքները:

Պաշտոնական Մադրիդը ևս հաստատակամ է: - «Երկրամասի առաջնորդը չի կարող միանձնյա անկախություն հռչակել», - այսօր հայտարարել է վարչապետ Մարիանո Ռախոյը Իսպանիայի խորհրդարանում: Դահլիճից, սակայն, նաև երկխոսության գնալու կոչեր են հնչել:

«Պարոն Ռախոյ, մենք պահանջում ենք, որ Դուք այս հարցը լուծեք քաղաքական ճանապարհով, այժմ քաղաքականության, երկխոսություն սկսելու ու կատալոնացիների հետ կրկին կամուրջներ կապելու ժամանակն է, որպեսզի Կատալոնիան կրկին ինտեգրվի, ինչը մեր բոլորի ցանկությունն է», - հայտարարել է Սոցիալիստական կուսակցության խոսնակ Մարգարիտա Ռոբլեսը:

«Կատալոնիայում անկախության հռչակումը Իսպանիային կանգնեցրել է վերջին քառասուն տարվա մեջ ամենալուրջ քաղաքական ճգնաժամի առջև, ինչն արդեն ստիպել է Մադրիդին նվազեցնել տնտեսական աճի ակնկալիքներն ու թարմացնել 1930-ականների քաղաքացիական պատերազմի չսպիացած վերքերը», - փաստում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG