Գործադուլի մասնակիցները փակել են ավտոճանապարհները և երկաթուղային հաղորդակցության ուղիները՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը Կատալոնիայի նախկին ղեկավարին և նրա վարչակազմի պաշտոնյաներին ձերբակալելու Մադրիդի որոշման դեմ: Ցուցարարները Բարսելոնայում փակել են տասնյակ փողոցներ, իսկ սահմանի մոտ՝ Ֆրանսիա տանող մայրուղին: Ժիրանի շրջանում նրանք արգելափակել են արագընթաց գնացքների երթուղիները:
Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի իշխանությունները այդ ինքնավար մարզում ուղիղ կառավարում են մտցրել, ցրել նախկին վարչակազմն ու խորհրդարանը: Արտահերթ ընտրությունները նշանակվել են դեկտեմբերին:
Իսպանիայի գերագույն դատարանը Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուջդեմոնին և նրա վարչակազմի պաշտոնյաներին ձերբակալելու միջազգային սանկցիա է տվել: Նրանք մեղադրվում են խռովարարության և բյուջետային միջոցները վատնելու մեջ:
Մադրիդը նրանց ձերբակալելու պահանջով դիմել է Բելգիայի իշխանություններին, որտեղ հիմա գտնվում են կատալոնացի քաղաքական գործիչները: Բելգիական դատարանը Կարլես Պուջդեմոնի արտահանձնման հարցը քննարկելու է նոյեմբերի 17-ին: