Մատչելիության հղումներ

ԱՄՆ դատախազության տվյալներով, Rolls-Royce-ի ներկայացուցիչները կաշառել են ադրբեջանցի պաշտոնյաներին


Բրիտանական  Rolls-Royce  կորպորացիայի կազմում գործող ընկերություններից մեկի բարձրաստիճան ներկայացուցիչները կաշառել են Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի պաշտոնյաներին՝ այդ երկրում իրականացվող էներգետիկ նախագծերին մասնակցելու նպատակով:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը գործի մանրամասները գաղտնազերծել է երեքշաբթի երեկոյան` նշելով, որ խոսքը էներգետիկ ոլորտում օգտագործվող սարքավորումների` գազային տուրբինների և գեներատորների արտադրությամբ զբաղվող Rolls-Royce Holding plc ընկերության նախկին պաշտոնյաների և նրանց հետ գործարար կապեր ունեցող անձանց մասին է:

«Հինգ մեղադրյալներից չորսն արդեն իսկ ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքը», -հաղորդում է Reuters գործակալությունը:

Ամերիկյան դատախազության տվյալներով, Rolls-Royce Holding plc-ի բարձրաստիճան ներկայացուցիչները 1999-2013 թվականներին շուրջ 35 միլիոն դոլար են վճարել Ադրբեջանի, Ղազախստանի, ինչպես նաև Բրազիլիայի, Անգոլայի, Թաիլանդի և Իրաքի պետական էներգետիկ ընկերությունների առանցքային պաշտոնյաներին` իրենց արտադրանքի ձեռքբերման շուրջ պայմանագրեր կնքելու դիմաց:

Bloomberg-ի տեղեկություններով, գործի նախաքննությունը մեկնարկել է 2012-ին, երբ համացանցում տեղեկություններ են հայտնվել Rolls-Royce-ի ներկայացուցիչների կողմից արտերկրում վճարված կաշառքների մասին: 2013-ին արդեն պաշտոնական հետաքննություն է նախաձեռնել Մեծ Բրիտանիայի Ծանրագույն հանցագործությունների հետաքննության գրասենյակը` SFO-ն: Հետագայում հետաքննությանն են միացել նաև ամերիկացի և բրազիլացի իրավապահները:

2017-ի հունվարին Օհայո նահանգի դաշնային դատարանում, մի կողմից Rolls-Royce ընկերության, մյուս կողիմից Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Բրազիլիայի իշխանությունների միջև արտադատական համաձայնություն է կնքվել, որի շրջանակներում բրիտանական կորպորացիան ստիպված է եղել շուրջ 800 միլիոն դոլար վճարել:

«Քրեական այս գործը ևս մեկ կարևորագույն քայլ էր էթիկայի նորմերով առաջնորդվող ազնիվ և իրավահավասար բիզնես միջավայր ստեղծելու ճանապարհին», - հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության քրեական հետաքննությունների դեպարտամենտի ղեկավար Քենեթ Բլանկոն:

Ամերիկացի իրավապահները նաև հրապարակել են Rolls-Royce plc-ի բարձրաստիճան մենեջերների և նրանց հետ գործակցած անձնաց անունները, որոնք ներգրավված են եղել ավելի քան մեկ տասնամյակ կիրառված կոռուպցիոն սխեմաներում:

Նախաքննության տվյալներով, գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկը Հունաստանի քաղաքացի, 70-ամյա Պետրոս Կոնտոգուրիսն է, ում ամերիկացի իրավապահները մեղադրում են փողերի լվացման և «Արտերկրում կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքի» մի շարք դրույթները խախտելու մեջ:

Դատախազության տվյալներով, Կոնտոգուրիսն այժմ գտնվում է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս և գործով անցնող անձանցից միակն է, որ չի ընդունել իր մեղքը: Bloomberg-ի տվյալներով, Կոնտոգուրիսը ղեկավարել է Թուրքիայում գրանցված Gravitas & CIE. International Ltd խորհրդատվական ընկերությունը` միջնորդի դեր ստանձնելով Rolls-Royce -ի և ղազախական «Կազմունայազ» կոնցեռնի միջև: Այս միջնորդության շնորհիվ Rolls-Royce Holding plc-ին հնարավորություն է ստացել մասնակցելու Ղազախստան - Չինաստան գազատարի շինարարությանը:

Մեղքն ընդունած չորս մեղադրյալներն են Rolls-Royce-ի էներգետիկ ստորաբաժանման նախկին ղեկավարներից մեկը` Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջեյմս Ֆինլին, Rolls-Royce-ի Միացյալ Նահանգներում գործող տարածաշրջանային ստորաբաժանման էներգետիկ հարցերով տնօրեն, ԱՄՆ քաղաքացի Քեյթ Բառնեթը, ընկերության հոլանդական մասնաճյուղի աշխատակից Ալոիզիուս Յոհաննես Յոզեֆ Զուրհոուտը և Ավստրիայի քաղաքացի Անդրեաս Կոլերը:

Rolls-Royce-ի ներկայացուցիչները այսօր հայտարարել են, որ գործի հետաքննության շրջանակներում պատրաստ են համապարփակ համագործակցություն ծավալել Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ: Միջազգային այս հետաքննության մասին տեղեկությունների ի հայտ գալու ֆոնին այսօր առավոտյան Լոնդոնի ֆոնդային բորսայում Rolls-Royce-ի բաժնետոսմերի գինը մոտ մեկ տոկոսի անկում է արձանագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG