Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում


Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ` ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ:

Հայաստանի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն, շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Բենիամին Նեթանյահուին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում և համոզունք հայտնեց, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան։

Հանդիպմանը քննարկվել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Ինչ վերաբերում է Իսրայելի կառավարության տարածած մամլո հաղորդագրությանը, ապա այստեղ նշվում է, որ Նեթանյահուն անդրադարձել է նաև «Իրանական խնդրին»: Նա բարձրացրել էր Իրանի կողմից տարածաշրջանում ռազմական ներկայության հաստատման փորձերն ու դրանց բացասական հետևանքներ ունենալու հարցը:

Իսրայել – Հայաստան միջազգային ֆորումի հրեական կողմից համանախագահ, Ընտրական գործընթացների միջազգային ինստիտուտի Արևելյան Եվրոպայի երկրների բաժնի ղեկավար, Քնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել - Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր, դոկտոր Ալեքսանդր Ցինկերի կրծիքով ամենակարևորը Իսրայելի վարչապետի Նալբանդյանին առաջին պաշտոնական հրավերք ուղարկելն էր ու նրա հետ առանձնազրույցը:

«Ուղղակի նրանց հանդիպումը «ժամացույցի սլաքների ուղղում» կարելի է համարել և ոչ ավելին, սակայն խորհրդարանական հանդիպումների մակարդակից շատ ավելի կարևոր հանդիպում էր սա», - կարծիք հայտնեց քաղաքագետը: Համոզված էր նաև, որ նման առանձնազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկուստեք հուզող բոլոր հարցերը:

Անշուշտ առանձնազրույցից մանրամասներ հնարավոր չէ իմանալ, սակայն ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը մեր ռադիոկայանի հարցմանն ի պատասխան ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց երկուստեք հանդիպման ժամանակ հրեական դրոնի շուրջ ծագած սկանդալի հետաքննության արդյունքների քննարկումները: Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը խոստացել էր օգօստոսի 13-ին մեկ շաբաթվա ընթացքում հետաքննել հրեա օպերատորների Orbiter 1K անօդաչու թռչող սարքի հայկական դիրքերի վրա փորձարկման վերաբերյալ հաղորդագրությունը:

Իսրայելի վարչապետը նաև գրառում է կատարել Թվիթերի իր էջում: - «Այսօր ես հանդիպեցի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մենք կխրախուսենք Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբերտարածքների ու գյուղատնտեսության ոլորտներում», - ասված է Նեթանյահուի թվիթերյան էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG