«Մեկ այլ պատճառ, որ ինձ այսօր բերել է Հայաստան․ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շատ հետաքրքրված է էներգետիկայի ոլորտով: Վաղը մենք ունենալու ենք մեծ համաժողով էներգետիակայնի ոլորտի ներկայացուցիչների և միջազգային բանկերի ու ներդրողների մասնակցությամբ: Եվ եթե Շիրակը հաստատվի որպես պիլոտային մարզ, էներգիայի խնայողությանը վերաբերող ծրագրերը կլինեն որպես ընտրված ուղղություն», - ասաց եվրոպացի պաշտոնյան:
Եվրամիության նախաձեռնած պիլոտային ծրագրով նախատեսվում է զարգացնել տնտեսությունն ու ենթակառուցվածքները, կառավարման համակարգը և մարդկանց միջև կապերի հաստատումը: Ցանկություն կա պիլոտային ծրագիրը իրականացնել Շիրակի մարզում, սպասում են Հայաստանի կառավարության հավանությանը:
Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջարկեց արևային վահանակների տեղադրման պիլոտային ծրագիր իրականացնել, սակայն անձրևոտ եղանակը վերջինիս մոտ կասկածներ առաջացրեց․ - «Ես ուզում էի առաջարկել, որ արևային վահանակների պիլոտային ծրագիր անեինք, բայց այս պահին այնքան էլ վստահ չեմ»:
«276 օրեր երևի արևային օրեր են: Շատ լավ է եղանակը», - Մերեդիթի կասկածները փարատեց Գյումրիի քաղաքապետը:
Դիմելով քաղաքապետին՝ Մերեդիթը ասաց, թե կուզենար իմանալ, թե ինչ ոլորտներում է տեսնում համագործակցությունը Եվրամիության հետ և ինչ ծրագրերի իրականացման անհրաժեշտություն կա:
Բալասանյանն ասաց․ - «Մեզ հետաքրքրում է աղբահանություն, մեզ հետաքրքրում է տրանսպորտ, որը նույնպես ծրագրերը հիմա նախապատրաստում ենք, և ես կներկայացնեմ անպայման: Ունենալու ենք շատ լավ փողոցներ՝ ասֆալտապատ, լուսավորված»:
Լոուրենս Մերեդիթն առաջարկներն ընդունեց: Ավելին՝ առաջարկեց հարևան Վրաստանում իրականացված աղբահանության ծրագրի օրինակը կիրառել նաև Հայաստանում:
Տնտեսության զարգացումը առաջնահերթ խնդիրներից մեկն է տեսնում Եվրամիությունը: Գյումրիի պարագայում Եվրամիության ներկայացուցչին տեղեկացրել էին, որ այստեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է ավելի զարգացած:
«Առաջին հերթին տնտեսական զարգացման ռազմավարություն: Սա է, ինչ մենք առաջարկում ենք Արևելյան գործընկերության մեր այն երկրներին, որոնց հետ փորձում ենք պիլոտային ծրագրերի տարածաշրջաններ ընտրել և համագործակցել: Վստահ եմ, դուք դա ունեք: Հանձնակատար Յոհանես Հանը ինքը բիզնես բիզնես մտածողություն ունի, բիզնեսմեն է ըստ էության: Եվ նա միշտ նշում է, որ Արևելյան գործընկերության երկրներում պետք է այնպես անենք, որ քաղաքացիները շահեն, շահառուն քաղաքացին լինի», - ասաց Մերեդիթը:
Գյումրիում տուրիզմի մասին նույնպես խոսեց քաղաքապետը՝ ասելով, թե քաղաքում տեսնելու շատ բան կա, պատմական քաղաք է: Տուրիզմի զարգացման հեռանկարը հետաքրքրեց Լոուրենս Մերեդիթին: Նա ասաց, թե իր եվրոպացի ընկերներին կհամոզի, որ գան Հայաստանը տեսնելու: