Մատչելիության հղումներ

Շարունակվում է Նալբանդյանի պաշտոնական այցը Իսրայել


Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Բավականին զուսպ պաշտոնական հաղորդագրությունների ֆոնին հայաստանյան ու Իսրայելում գտնվող դիտորդները կարծիք են հայտնում, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը ձգտում է ակտիվացնել հարաբերությունները Իսրայելի հետ:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, երեկ մեկնարկած այցի շրջանակում Նալբանդյանը հանդիպումներ է ունենալու Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Այս պահին հայտնի է, որ կայացել է Նալբանդյանի հանդիպումը այդ երկրի խորհրդարանի՝ Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ, ով ընդգծել է, որ Իսրայելի օրենսդիր մարմինը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը:

Ավելի վաղ Նալբանդյանին ընդունել է Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովը: Նալբանդյանը նաև հանդիպում է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը։

Երուսաղեմի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանն այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իսրայելը շահագրգռված է խորացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն որպես ճնշման լծակ օգտագործի Թուրքիայի և անգամ Ադրբեջանի նկատմամբ. - «Ինչպես առաջին տարիներին նշմարեցինք, երբ Թուրքիայի հետ խնդիրները բավական լուրջ վտանգված էին, վատ վիճակի մեջ էին, առաջին առիթով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկեցին Կնեսեթի օրակարգում: Այսինքն, ինչ-որ տեղ այն ժամանակ այդ հարցը օգտագործեցին Թուրքիայի վրա ինչ-որ ճնշում բանեցնելու ձևով»:

Ցայսօր Հայաստանը դեսպանատուն չունի Իսրայելում, ոչ էլ Իսրայելը՝ Երևանում: Երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթղերը, համաձայն Հայաստանի արտգործնախարարության կայքէջի, վերաբերում են մշակույթի, գիտության ու կրթության, առողջապահության ու բժշկության բնագավառներում համագործակցությանը և կապիտալ ներդրումների խրախուսմանը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը, հայկական կողմի պնդմամբ, լայնորեն կիրառում էր իսրայելական արտադրության զինտենիկա, մասնավորապես, անօդաչու սարքեր և հակատանկային «Սփայք» հրթիռներ:

Այս տարի հուլիսին Երևանում հյուրընկալեցին Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով ավելի քան 3 տարի՝ 2003-2006 թվականներին Իսրայելի կառավարությունում, Արիել Շարոնի վարչապետության օրոք, իսրայելական հատուկ ծառայությունների՝ Մոսսադի ու Շին Բեթի գործունեության և ԱՄՆ - Իսրայել ռազմավարական երկխոսության համար պատասխանատու նախարարն էր:

Երևանում, «Ազատության» հետ զրույցում իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ երկու երկրների հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել:

Ինչ վերաբերում է հայ-իսրայելական առևտրային հարաբերություններին, ապա առանց կասկածի դրանք կարելի է «աննշան» բնորոշել: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին ինն ամիսներին երկկողմ առևտուրը կազմել է ընդամենը 1 միլիոն 257 հազար դոլար, որը, ճիշտ է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.4 տոկոսով, սակայն կազմում է Հայաստանի ողջ արտաքին առևտրի ընդամենը 0.02 տոկոսը:

«Արևելք» լրատվակլան կայքի գլխավոր խմբագիր Սագո Արեանի խոսքով, հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացումը նոր է սկսվել և դեռ վաղ է գնահատականներ տալ:

«Շատ կարևոր այց է, ըստ իս: Կարևորը այն է, որ Հայաստանը ի՞նչ պիտի կարողանա քաղել Թել Ավիվից: Վերջին տարիներին ես չեմ հիշում, որ հայաստանցի բարձրաստիճան որևէ պաշտոնյա այցելի Թել Ավիվ: Նաև արցախյան խնդրի շուրջ Իսրայելը շատ մեծ նեցուկ ունի մեր թշնամիին, հակառակորդին՝ Ադրբեջանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արեանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG