Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան Լիբանանի և «Հեզբոլայի» գործողությունները դիտարկում է որպես «պատերազմի հայտարարություն»


Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի

Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև առկա սուր հակասությունները շարունակում են իրենց ազդեցությունը թողնել արաբական աշխարհի պետությունների վրա: Թեհրանի և Էր Ռիյադի անթաքույց վատ հարաբերությունների հերթական պատանդը դարձավ Լիբանանը, որի իշխանություններին Սաուդյան Արաբիան մեղադրեց, ոչ ավել ոչ պակաս, պատերազմ հայտարարելու մեջ: Այս պնդումը հնչեց Լիբանանի վարչապետ, Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Սաադ Հարիրիի հրաժարականից երկու օր անց:

«Մենք տեղեկացրել ենք Սաադ Հարիրիին տարածաշրջանում ստեղծված կացության մասին, ծանոթացրել ենք նրան այն իրավիճակին, որ այսօր ստեղծվել է Լիբանանում: Սաուդյան Արաբիան այսօր բախվել է «Հեզբոլա» շարժման ագրեսիվ գործողություններին: Մենք Սաադ Հարիրիին նաև տեղեկացրել ենք, որ այդ գործողությունները Սաուդյան Արաբիան ընկալում է որպես պատերազմի հայտարարություն Լիբանանի կառավարության և «Հեզբոլայի» կողմից: Որպես հետևանք, Լիբանանի կառավարությունը մեր կողմից դիտարկվում է որպես պատերազմ հայտարարած կառավարություն», - երկուշաբթի երեկոյան Al Arabia հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սաուդյան Արաբիայի պետնախարար Թամեր Ալ-Սաբհանը:

Սաուդցի պաշտոնյան, ի դեպ, այս հարցազրույցում Լիբանանում գործող և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլային», որի անվանումն արաբերենից թագմանվում է որպես «Աստծո կուսակցություն», համառորեն անվանում էր «Հիզբ ալ շայթան»` Սատանայի կուսակցություն:

Լիբանանը հերթական ներքաղաքական և դիվանագիտական ճգնաժամին բախվեց, երբ երկրի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի ընթացքում անսպասելիորեն հայտարարեց իր հրաժարականի մասին:

2005-ին Բեյրութում սպանված նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին հայտարարել է․ - «Մենք այսօր գտնվում ենք այն նույն քաղաքական միջավայրում, որ նախորդեց Ռաֆիկ Հարիրիի սպանությանը: Ես զգում եմ, որ իմ կյանքը վտանգող դավադրություն է նյութվում: Ես չեմ ցանկանում հուսախաբ անել Լիբանանի քաղաքացիներին, ուստի հրաժարական եմ ներկայացնում վարչապետի պաշտոնից»:

«Ես դիմում եմ Իրանի իշխանություններին և նրանց տեղացի աջակիցներին: Դուք կորցնում եք ձեր ազդեցությունն արաբական աշխարհում, և մեր ազգը ի վերջո կկտրի այն ձեռքը, որ նենգաբար տարածվում է [տարածաշրջանով մեկ», - հավելել է Սաադ Հարիրին:

Նախօրեին Սաադ Հարիրիին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Լիբանանի նախկին վարչապետը Էր Ռիյադից մեկնել է Աբու-Դաբի, որտեղ հանդիպում է Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ:

Ֆորմալ առումով, սակայն, Հարիրին շարունակում է Լիբանանի կառավարության ղեկավար հանդիսանալ, քանի որ երկրի նախագահ Միշել Աունը չի ընդունել նրա հրաժարականը: Երկուշաբթի օրը նախագահի նստավայրում կայացած խորհրդակցության ավարտին լիբանանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ Միշել Աունը Հարիրիի հրաժարականը կըդնունի միայն նրա հետ հանդիպումից հետո:

«Այսօր դեռ շատ վաղ է կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին խոսելը: Ես նույնիսկ չեմ կարող ասել` եղե՞լ է հրաժարական, թե՞ ոչ: Սահմանադրության դրույթների պահպանման տեսանկյունից այդ մասին խոսելը դեռ շատ վաղ է: Մենք այդ առումով միակարծիք ենք նախագահի հետ, որ վարչապետի հրաժարականի մասին խոսելը դեռ շատ վաղ է», - հայտարարել է Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին:

Սաադ Հարիրիի «Ալ Մուստակբալ» շարժման ղեկավար անդամներից մեկը` Լիբանանի նախկին վարչապետ Ֆուադ Սինյորան այսօր Բեյրությում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը հեռախոսով զրուցել է Սաադ Հարիրիի հետ և մոտ ապագայում նա կվերադառնա Բեյրութ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG