Մատչելիության հղումներ

2016-ին Կոտայքի մարզում 30 տոկոսով ավելի շատ վարորդական իրավունք է տրամադրվել, քան Երևանում


«Երևանում քննություն տվածներից 7000-ից ընդամենը 5000 վարորդական է տրամադրվել, իսկ նույն Կոտայքի մարզում 6600 գործնական քննություն է տեղի ունեցել և 6300 վարորդական է տրամադրվել: Այնտեղ, այսպես ասած, վունդերկինդներ են, որ կարող են միանգամից ստանալ, մեկ քննությունով», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

Տվյալները նա ստացել է Ճանապարհային ոստիկանությունից՝ ի պատասխան իր այն հարցմանը, թե 2016 թվականին քննություն հանձնած քաղաքացիներից քանիսին է վարորդական իրավունք տրվել:

Ըստ այդ տվյալների, օրինակ, Կոտայքի մարզում 30 տոկոսով ավելի շատ վարորդական իրավունք է տրամադրվել, քան Երևանում:

Ղահրամանյանի պնդմամբ՝ մարզերում կոռուպցիոն ռիսկերը չափազանց մեծ են․ - «Ինչպե՞ս կարող է, օրինակ, Իջեւանում 1020 քննություն տան և 973-ը միանգամից ստանան: Ընդամենը 47 հոգի ա, որ չի ստացել քննությունը: Իսկ մեր մոտ, մոտավորապես ամեն երրորդին նոր կարողացել է ստանալ: Այստեղ երկու միտում կա՝ կա՛մ այնտեղ են շատ բարի, կա՛մ մեր մոտ են շատ կոպիտ քննություն վերցնողները»:

Սերգեյ Ղահրամանյանը կարծում է, որ մարզերում, Երևանի համեմատությամբ, վերահսկողությունը շատ ավելի թույլ է, և շատ քաղաքացիներ նախընտրում են մարզերում վարորդական վկայական ստանալ: Մինչդեռ, նման եղանակով վարորդական իրավունք ստացողները երթևեկության համար խնդիրներ են ստեղծում Երևանում․ - «Վարորդները քշել չգիտեն, վարորդականը տալիս են՝ դե նստի քշի: Նստում քշում է, գնում ա վրաերթ ա կատարում, վթարներ ա ստեղծում, խցանումներ․․․ ամեն ինչ, ինչը որ հնարավոր է, որ կխաթարի ճանապարհային երթևեկությունը և ամբողջ երթևեկությունը տակնուվրա կանի»:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ և՛ մարզերում, և՛ Երևանում վարորդական իրավունք տրամադրելու գործընթացի վերահսկողությունը նմանատիպ է, և քաղաքացին ազատ է ընտրելու, թե որտեղ է ուզում ստանալ վկայական․ - «Շեշտում են, որ ինչպես Երևանում, այնպես էլ Կոտայքում շատ է վարորդական իրավունքների հատկացումը: Դա կարող են կապել շենքային պայմանների հետ: Բարեփոխումների գործընթացի ժամանակ Երևանը և Կոտայքի շենքային պայմանները բավականին հարմարեցվեցին այսօրվա պահանջներին․․․ Կոռուպցիոն ռիսկերը եղել են, կան, և դրանց համար համարժեք արձագանքներ միշտ էլ տրվում է»:

Փորձառու վարորդներն իրենց մտահոգությունը ևս բարձրաձայնում են․ - «Գնում են վարորդական իրավունք, և նույնիսկ իրենց անվտանգությունից ելնելով չեն բարեհաճում երթեւեկության կանոնները բացեն, նայեն կարդան, Ինչը հանգեցնում է նրան, որ պատճառ են դառնում դժբախտ ելքով պատահարների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG