Մատչելիության հղումներ

«Ապրիլը կարող է կրկնվել, բոլորը պետք է պատրաստ լինեն»․ Լևոն Մկրտչյան


Լևոն Մկրտչյան, 6-ը նոյեմբերի, 2017 թ․

Կրթության նախարար Լևոն Մկրտչյանի համոզմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չի վնասում գիտությանը: Ավելին՝ ըստ Լևոն Մկրտչյանի, եթե նայենք, թե ովքեր են պաշտպանել թեկնածուական թեզեր, ու քանիսն են մնացել գիտության մեջ, ապա լավ պատկեր չենք ունենա:

Դաշնակցական նախարարի համոզմամբ՝ Հայաստանում պետք է ծառայեն բոլորը․ երկիրն այսօր մարտահրավերի առջև է կանգնած և 2016-ի ապրիլյան պատերազմը միշտ կարող է կրկնվել: Հիշեցնենք, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում, ըստ էության, վերացնում է ուսումնառության նպատակով տրամադրվող տարկետման իրավունքը: Այսինքն՝ 18 տարին լրանալուց հետո երիտասարդները գրեթե առանց բացառության կզորակոչվեն բանակ՝ 2 տարի ժամկետով: Տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, պարտավորվելով ուսումնառությունից հետո ծառայել նախարարության մատնանշած վայրում, սակայն, արդեն 3 տարի ժամկետով:

«Ազատություն»- Դուք որևէ խնդրահարույց պահ այս օրինագծում չե՞ք տեսնում, կարծում եք, որ սա կրթությանն ու գիտությանը որևէ վնաս չի՞ հասցնի:

Լևոն Մկրտչյան- Էսպես պատասխանեմ՝ ես դեռ 1992 թվականին հստակ դիրքորոշում եմ ունեցել՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ: Այն երկրները, որոնք այդ սկզբունքը պահել են, այդ երկրներում գիտության որակի պիկ կա այսօր: Բայց այսօր երբ մենք նայում ենք, թե ովքեր են, որ պաշտպանել են թեկնածուական դիսերտացիաներ, քանիսն են մնացել գիտության մեջ, քանիսն են աշխատում, վստահ եղեք, որ լավ պատկեր չենք ունենա:

«Ազատություն»- Քննարկումների ժամանակ հիմնականում այն պնդումն էր արվում, որ սրանով, ըստ էության, նաև կոռուպցիան կվերացվի: Այսինքն՝ դուք ընդունու՞մ եք, որ ձեր ղեկավարած ոլորտում մեծ կոռուպցիա կա, որի դեմ գործող օրենքներով պայքարել հնարավոր չէր:

Լևոն Մկրտչյան- Դուք հարցը մի քիչ այլ տրամաբանությամբ եք դնում, որին ես չեմ կարող համաձայնել: Խնդիրը հետևյալն է՝ դուք որ կզբունքի վրա եք աշխատում՝ սոցիալական արդարությա՞ն: Երևի կարևոր սկզբունք է չէ՞: Հիմա այսօր կուրս է մտնում ուսանողների խումբ, ասենք 20 երիտասարդ, որոնցից 16-ը գնում է բանակ, չորսը չի գնում, որովհետև քննությունների ժամանակ իրենք ստացել են կես միավոր ավել կամ պակաս: Արդարության սկզբունքը պիտի պահվի՞, թե ոչ: Այստեղ գոյություն ունի ձեր ասած երկրորդ խնդիրը՝ կոռուպցիոն ռիսկ հասկացությունը: Կոռուպցիոն ռիսկ կա՞ այստեղ, երբ մի գնահատականի կես միավորից կախված է 4 տարվա ընթացքում [ուսանողի] ամբողջ ճակատագիրը: Հիմա այդ կոռուպցիոն ռիսկը կարո՞ղ ենք նվազեցնել: Կարող ենք: Ինչպե՞ս ենք նվազեցնելու՝ սոցիալական արդարությունը պահելով, բոլորի համար հավասար դարձնելով նույն սկզբունքը:

«Ազատություն»- Կարծում եք՝ նոր օրենքով կրթական համակարգում կոռուպցիան կվերանա՞, նաև ասպիրանտուրայում, նաև ընդունելության քննությունների համակարգում:

Լևոն Մկրտչյան- Այս օրենքը մեծապես հանում է կոռուպցիոն ռիսկը:

«Ազատություն»- Այլ ճանապարհներ չկայի՞ն, 1500 մարդու բանակ տանելո՞վ պետք է լուծվեին այդ խնդիրները:

Լևոն Մկրտչյան- Նախ 1500 մարդու մասին չէ խոսքը, ամեն անգամ մենք տարկետում տալիս ենք 500-ից 600 հոգու: Ուրեմն այդ երիտասարդների ընկերները, մոտ 3000 հոգի, բոլորը զրակոչվում են բանակ: Սա ոչ թե հակակոռուպցիոն գործողություն է կամ մենք կոռուպցիայի դեմ չենք կարողանում [պայքարել], խոսքը վերաբերում է նրան, որ բոլորը պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության բանակում: Հիմա դուք, որպես քաղաքացի դրա դեմ ի՞նչ եք գտնում՝ որ կարելի է 80 տոկոսին, 90 տոկոսին մի պայման դնել, 5-ից 10 տոկոսին մեկ ա՞յլ պայման դնել:

«Ազատություն»- Բայց սոցիալական արդարության խնդիրը սրանով, միևնույն է, չի լուծվելու: Նրանք, ովքեր խուսափել են բանակից, այլ ուղիներ են գտնելու և ձեր մատնանշած գլխավոր խնդիրը՝ սոցիալական արդարության ապահովումը, չի լուծվելու:

Լևոն Մկրտչյան- Մեր մատնանշած գլխավոր խնդիրը լուծվելու է մեր համատեղ աշխատանքի արդյունքում: Եթե հասարակության մեջ դուք կարողանաք փոխեք մթնոլորտը, միասին փոխենք, և էդ մտածողությունը լինի, ես իսկապես մտածում եմ, որ շատ կարևոր հարց կլուծվի: Մենք սկզբունքային խնդիր ունենք․ մեր երկիրը մարտահրավերի ներքո է, և ապրիլը միշտ կարող է կրկնվել այս երկրում: Յուրաքանչյուր քաղաքացի պիտի պատրաստ լինի՝ կատարելու իր պարտքը հայրենիքի հանդեպ:

Հավելենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանում կքննարկվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG