Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ում վարույթ ընդունված գործով հարցեր են ուղղվել ՀՀ կառավարությանը


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը՝ 2010-ին Զինված ուժերում տեղի ունեցած սպանության գործով:

Միքայել Հովհաննիսյանի որդին՝ 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը բանակում սպանվել է 2010 թվականին։ Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում․ ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել էր մեկ լեյտենանտի ու մեկ սերժանտի, այնուհետև նույն զենքով սպանել էր դեպքի վայրին մոտեցած ևս 3 զինծառայողների ու ինքնասպան եղել։

Զինվորի հայրը դժգոհ է նախաքննությունից, կասկածներ ունի, որ զինվորների սպանության իրական մեղավորները հրամանատարական կազմից են․ - «Ասին՝ պետական գաղտնիք ա: Մեզ ոչ մի բան չասեցին ու լրիվ ստացվում, իրանց ասելով, որ Կարոն ա մեղավոր: Բայց ես համոզված եմ, որ Կարոն մեղավոր չի: Եթե Կարոն մեղավոր ա, իրան ով ա բերել էդ ծառայության, պատասխանը նրանք տան: Ոչ թե մեր տղային, այլ լրիվին երևի ինքը չի սպանել․․․ Համոզված եմ, որ դրանք արել են իրանց կամանդիրները, ինչ-որ մի բան ա էղել, թաքցնելու խաթեր»:

Ըստ պաշտոնական վարկածի, դեպքը տեղի է ունեցել մարտական հենակետում։ Մարտական հենակետի գետնատնակում ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը հայհոյել և ծեծել է շարքային Անդրանիկ Սարգսյանին: Կարո Այվազյանը, վախենալով, որ հրամանատարը նաև իրեն է բռնության ենթարկելու, կրակել և սպանել է նրան, ապա մյուս 4 ծառայակիցներին և ինքնասպան եղել:

Կարո Այվազյանի քեռին՝ Անուշավան Միքայելյանը, դեպքից օրեր անց «Ազատությանն« ասել էր, որ զարմիկը՝ Կարո Այվազյանը 2 տարեկանից ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 13 տարեկանում զենքի գողության համար բանտ է նստել, նաև հոգեկան խնդիրներով հիվանդանոց է պառկել։ Ի վերջո, բանակ զորակոչվելուց մեկ տարի առաջ շղթայակապ արտաքսվել է Հայաստան, հայերեն նորմալ չի հասկացել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որի ղեկավարած գրասենյակն օգնել է զինվորների ծնողներին և դիմել է Եվրոպական դատարան, պնդում է, որ ԱՄՆ-ում տրված փաստաթղթի համաձայն, Այվազյանը զրկված է եղել զենք օգտագործելու իրավունքից․ - «Գտել ենք, որ քրեական գործի շրջանակներում հիմնավոր չեն այն ապացույցները, որ նրանց սպանության մեջ մեղավոր է Կարո Այվազյանը, որովհետև, ճիշտն ասած, Կարո Այվազյանի դիմումը չուղարկվեց, բայց քրեական գործի շրջանակներում զինվորների մահվանը հանգեցրած հանգամանքներում ուղղակի պատասխանատվություն ունեն հրամանատարները: Մենք գտանք, որ այնուամենայնիվ Կարո Այվազյանը մնացած զինծառայողներին՝ այդ թվում նաև դիրքի ավագի կողմից բռնության ենթարկվածներին, սպանելու որևէ դրդապատճառ չպետք է ունենար: Եթե սպանելու նպատակ ունենար, ապա պետք է անպայման գոնե սպաներ միայն լեյտենանտին»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած երկու ծնողները բողոքում գրել են, որ Հայաստանի կառավարությունը խախտել է զինվորների կյանքի իրավունքը, արդյունավետ քննություն չի կատարել մեղավորներին բացահայտելու և պատժելու համար:

Սպանված Ռոբերտ Հովհաննիսյանի հայրը նկատում է, թե նախաքննությունը նաև անուշադրության է մատնել Կարո Այվազյանին՝ ԱՄՆ դատարանի կողմից տրված փաստաթուղթն ու առողջական խնդիրները։

Զինվոր հայրը կատարվածի վերաբերյալ այլ վարկածներ է լսել․ - «Մենք տեղեկություն ունեցանք, որ սկզբից Ռոբերտը սաղին խփել ա, փախել ա: Էկել են շենքը շրջափակել, ինքը կփախնի, կգա՞․․․ Երևի, իմ իմանալով, իրանց պատմելով․․․ սկզբից ուրիշ ձևի էին պատմում, որ ինքը էկել ա՝ չթողի կռվեն․․․ Հետո իրան խփած էդ փամփուշտի տեղերը էրևում ա, որ ինքը նկատել ա, որ ուզեցել են իրան խփեն, փախել ա: Վերջում էլ, որ սաղ ա մնացել, տեհել են, որ մահացու չի, դրա համար կանտրոլնի խփել են: Կարոն էլ չէր կար քառասուն փամփուշտ կրակելուց հետո տաք փողը բռնի, տանի իրա բերանը, ավտոմատիչեսի վիճակում մի հատիկ կրակի»:

Արդարադատության նախարարությունից փոխանցեցին, որ կառավարությունը ՄԻԵԴ-ից ստացել է հարցադրումները և, ինչպես բոլոր դեպքերում, այս գործով ևս իր դիրքորոշումը սահմանված ժամկետում կներկայացնի Եվրոպական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG