Մատչելիության հղումներ

Գյումրիի զարգազման հնգամյա ծրագիրը հաստատվեց


Ավագանու նիստում Գյումրիի քաղաքապետը նշեց, որ թեև ծրագիրը հաստատվել է, այն կարող է ամեն տարի փոփոխությունների ենթարկվել՝ ելնելով ներկայացվող առաջարկներից ու իրավիճակից:

Ծրագրում նախատեսված էր օրինակ, որ այս տարի արդեն 400 աշխատատեղ Գյումրիում պետք է բացված լիներ: Խոսքը տեքստիլ արտադրութան ոլորտում «Սաստեքս» ընկերության մասին է, որը դեռ 2 տարի առաջ պետք է այդ աշխատատեղերը ստեղծած լիներ:

Ավագանու ԳԱԼԱ խմբակցութան անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկեց, որ ժամկետները հստակեցվեն, հետո միայն այն ընդգրկեն ծրագրում․ - ««Սաստեքս» գործարանի հետ կապված եթե տեղեկություն ունեք, խնդրում եմ ասեք․ գրած էր, որ 2015-16-ից աշխատելու էր, և 400 աշխատատեղ այս տարի ստեղծվում էր: Եթե կա ինչ-որ մի բան, ասեք իմանանք: Եթե չկա, գոնե կամ աշխատատեղերի թիվը փոխվի ծրագրի մեջ, կամ գրվի, որ 2018 թվականից այսքան աշխատատեղ է լինելու: Անցյալի մասին չգրենք որպես ապագա»:

Զեկուցողի փոխարեն Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն արձագանքեց՝ ասելով, թե կարող են շրջայց կազմակերպել և տեղում ծանոթանալ, թե ինչու է ուշանում 400 աշխատատեղի բացումը․ - «Քաղաքի օրը ուզում էին առաջին արտադրամասը բացել, բայց մեքենա-սարքավորումների ներկրման հետ խնդիր ունեցան: Հիմա կարծեմ արդեն ներկրել են, բայց կարող ենք մի հատ շրջայց կատարել: Որովհետև յուրահատուկ ձևի շինարարական աշխատանք են անում, նաև շարունակական է լինելու, և այդ 400 աշխատատեղը, որ իրենք խոստացել են, հաստատ լինելու է»:

«Ծրագրի մեջ ժամկետներն ու թվերը համապատասխանեցնեք ընդամենը: Ասենք, գրվի, որ հինգ տարվա ընթացքում ստեղծվելու է 400 աշխատատեղ», - առաջարկեց Գալստյանը:

Հնգամյա զարգացման ծրագրի սոցիալական բաղադրիչը գրեթե անփոփոխ է մնում՝ նպաստառուների, համայնաքապետարանից աջակցություն ստացողների թիվը նույնն է:

ԳԱԼԱ խմբակցությունից Արմենուհի Վարդանյանը նշեց, որ ծրագրում արտագաղթի ցուցանիշի մասով լավատեսական թվեր են ներկայացված ու հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այդ լավատեսությունը․ - «Ես ուզում էի իմանալ, արտագաղթի մտահոգիչ տեմպերն ինչո՞ւ չեն արտացոլվել: Վեջրն տասը տարվա տվյալներն ասեմ՝ համարյա 30 հազար մարդ արտագաղթել է Գյումրուց»:

Զեկուցող Հայկ Սուլթանյանն ասաց, որ իրենք պաշտոնական թվերով են առաջնորդվում․ - «Հարցում ենք կատարել անձնագրերի և վիզաների վարչությունը․ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված բնակչության թիվը եղել ա 160 հազար 728, իսկ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 160 հազար 309․․․ 0.3 տոկոսով նվազում է եղել: Ես պարտավոր եմ հիմք ընդունել պաշտոնական տվյալները»:

Լևոն Բարսեղյանն իր ելույթում ընգծեց ծրագրի լավ ու վատ կողմերը: Լավ է, որ այն ավելի մանրակրկիտ է մշակվել, քան նախորդ տարիների ծրագրերը, սակայն փաստեց, որ շատ կարևոր հարցերի լուծումը չկա․ - «Հաշվի չեն առնված մի շարք գործոններ, այդ թվում՝ աղքատության մակարդակը, արտագաղթի տեմպերը, անօթևանության իրավիճակը: Էս բոլոր խնդիրների հանրագումարում մենք ունենք նաև բացասական ռիսկեր: Ետ ենք նայում, տեսնում ենք համայնքի բյուջեի կատարման մակարդակը անցած տարիներին․․․ մենք 2014 թվականին որոշ գերակատարում ունենք, էն նախորդ տարիներին առավել կրճատումներ ենք ունեցել և այլն: Այսինքն, լավատեսական այն հիմքերը, որ սեփական եկամուտները աճելու են 4, 4.5, 4.9 տոկոսով, իսկ համայնքի բյուջեն աճելու է տարեկան մոտ 2.5-3 տոկոսով, այնքան էլ հիմնավորված չեն: Լավ կլինի, որ կա՛մ հիմքերը լինեն այստեղ, կա՛մ էդ լավատեսությունը այս մակարդակի չլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG