Լիբանանի նախագահ Միշել Աունը չի պատրաստվում ընդունել երկրի վարչապետ Սաադ Հարիրիի շաբաթ օրը ներկայացրած հրաժարականը: «Վարչապետին առաջին իսկ օրվանից նախագահն ասում էր, որ չի ընդունի նրա հրաժարականն այնքան ժամանակ, քանի դեռ նա չի վերադարձել երկիր և անձամբ չի ներկայացրել այդ քայլի դրդապատճառները»,-այսօր Բեյրութում հայտարարել է Լիբանանի արդարադատության նախարար Սալիմ Ջերիսատին:
Սաադ Հարիրին վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 4-ին` Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում: Հրաժարականի իր ճառում նա մեղադրել էր «Հեզբոլլա» շարժման ներկայացուցիչներին և Իրանի իշխանություններին՝ իր դեմ թշնամական քաղաքականություն որդեգրելու մեջ: «Ես զգում եմ, որ իմ կյանքը թիրախավորող դավադրություններ են ծրագրվում այս պահին: Այսօր ստեղծված կացությունը հիշեցնում է Ռաֆիկ Հարիրիի սպանությանը նախորդող ժամանակաշրջանը»,- նշել է Սաադ Հարիրին:
Վաչապետ Ռաֆիկ Հարիրին սպանվել է 2005 թվականի փետրվարի 14-ին: Նրա կորտեժը պայթեցվել էր 1800 կգ տրոտիլին համարժեք պայթուցիկ նյութով: Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով հետաքննությունը շարունակվում է մինչ օրս: