Մատչելիության հղումներ

Դատական նոր օրենսգրքի նախագիծը փաստաբաններին լռեցնելու, պատժելու միջոց է. Նինա Կարապետյանց


Դատական նոր օրենսգրքի նախագծով փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք՝ մինչև 100 հազար դրամ։ Փաստաբան Նինա Կարապետյանցի գնահատմամբ, սա զուտ պատժելու և լռեցնելու միջոց է լինելու։

«Այլ կերպ սա գնահատել չի կարելի։ Ցավագինն ինչ է, որ որպես հիմնավորում նրանք նշել էին՝ «դատական իշխանության բարձր հեղինակությունը և դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունն ապահովելու նպատակը»։ Հարգելինե՛րս, դատական իշխանության նկատմամբ վստահությունն ու հարգանքը փաստաբանին տուգանելով չի լինում, դա նորմալ չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանցը։

Նշենք, որ 2017-ի հոկտեմբերի դրությամբ դատարանն ավելի քան 80 վարույթ է հարուցել փաստաբանների նկատմամբ։ «Սասնա ծռերի» գործով փաստաբան Նինա Կարապետյանցի նկատմամբ այս գործի շրջանակում ավելի քան 20 վարույթ կա հարուցված։

«Ես կարծում եմ, որ 80 չի, մի մասը դատարաններից Փաստաբանների պալատ դեռ ֆիզիկապես չի հասել, որովհետև իմ հաշվարկով շատ ավելի շատ պետք է լինի։ Իմ նկատմամբ մոտավորապես 20 վարույթ կա, փորձեք բազմապատկել 100 հազար դրամը 20-ի, կստացվի այնքան, որքան որ միջին ամսական եկամուտը մարդու չի լինում, և սա ուղղակի կլինի պատժիչ միջոց, այլ կերպ սա անվանել չի կարելի», - ասաց Կարապետյանցը՝ շարունակելով. - «Մեր դատարաններն անկախ չեն, դատարանները, շատ անգամ բոլորն ականատես են եղել, որ չեն ընդունում արդարացի դատավճիռներ, և այս պայմաններում խոսել, որ փաստաբանին տուգանելով պետք է հասնեն դատարանի հեղինակության բարձրացմանը, սա նվազագույնը լուրջ չէ, իսկ իրականում սա խայտառակություն է։ Սրա միակ պատճառը նա է, որ լռեցնեն փաստաբաններին, այլ պատճառ չկա։ Իշխանության տեսակետին հակառակվելու, դիմադրելու, պայքարելու համար մեզ փորձելու են ճնշել»։

Կարապետյանցը նշեց, որ Հելսինկյան ասոցիացիան, որպես իրավապաշտպան կազմակերպություն, հայտարարություն է նախապատրաստում՝ կոչ անելով բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, ատյաններին, անհատ անձանց պայքարել այս օրենքի դեմ։

Նշենք, որ գործող Դատական օրենսգրքով՝ դատախազներն ու փաստաբանները դատարանի կողմից կարող են ենթարկվել նախազգուշացման, հեռացվել դատական նիստերի դահլիճից, կամ էլ դատարանը նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով կարող է դիմել գլխավոր դատախազին ու Փաստաբանների պալատին, իսկ դատական տուգանքը կիրառվում է դատավարությանը մասնակցող և փաստաբան չհանդիսացող անձանց նկատմամբ:

Նինա Կարապետյանցի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG