Մատչելիության հղումներ

Ազատ են արձակվել «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվածներից ևս երկուսը


Նոյեմբերի 5-ի բողոքի ակցիան, արխիվ
Նոյեմբերի 5-ի բողոքի ակցիան, արխիվ

Երեկ կալանավայրերից ազատ արձակվեցին Շանթ Հարությունյանի նախաձեռնած բողոքի ակցիայից հետո ազատազրկման դատապարտված Մկրտիչ Հովհաննիսյանը և Ալեք Պողոսյանը։

Դատարանը նրանց 4 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ ապացուցված համարելով, որ նրանք 2013 թվականի նոյեմբերի 5-ին մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել են խուլիգանություն, որի ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։

4 տարի բանտում անցկացրած Ալեք Պողոսյանը շարունակում է պնդել՝ «Արժեքների հեղափոխության» մասնակիցները հանցագործ չեն, փողոց էին դուրս ելել հանուն անկախության և այլ արժեքների հաստատման։ Նպատակը մեկն էր՝ Հայաստանն ազատել Ռուսաստանի ազդեցությունից և Կրեմլի նախաձեռնած Մաքսային Միությունից, որին Հայաստանը անդամակցելու որոշում կայացրեց 2013-ի սեպտեմբերին։

«Մեր պայքարը քաղաքական էր ի սկզբանե, քաղաքական պայքար՝ Հայաստանը անկախացնելու նպատակով: Հայաստանը հիմա էսօր անկախ երկիր չի, ինքը ձևական անկախ ա՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու համար», - ասաց Ալեք Պողոսյանը:

Պողոսյանը պնդում է՝ շարունակելու է պայքարը, չնայած դեռ չգիտի, թե ինչ մեթոդներով։ Նա հավատացած է՝ Հայաստանի ապագան չպետք է կապել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ։

«25 տարի ժողովրդին խաբին՝ էժան զենք ա տալիս Ռուսաստանը մեզ: 2016 թվականի ապրիլին՝ բա 80-ական թվականների զենքով ենք կռվում: Դե 80-ականների զենքը էժան կլինի էլի, կամ էլ կոպեկներով կլինի, չեն էլ ասում՝ ինչքան ա», - նշեց Պողոսյանը:

Նա պնդում է, որ չորս տարի առաջ նոյեմբերի 5-ին ոստիկանները խաղաղ հավաքը դարձրեցին, իր բնորոշմամբ, անկառավարելի։ Ասում է, որ նպատակ ունեին պարզապես մայրաքաղաքի փողոցներով շրջել՝ նախագահական գնալու մտադրություն չունեին։

«Սկսեց ոստիկաններից, առաջինը Շանթի նկատմամբ սկսեցին անհարգալից վերաբերմունք, քաշքշել, արդեն անվերահսկելի դարձավ, բայց սկսվեց իրանց քաշքշոցից: Քաղաքացիական հագուստով մարդիկ հարձակվեցին ու սկսեցին, չէիր էլ հասկանում՝ ձերբակալում էին, թե․․․ Վահեի վզին թռավ մեկը: Ճանապարհ էինք խախտե՞լ, ճանապարհ խախտելու համար կարային տանեին, շտրաֆ անեին, բայց իրանք նենց պահվածք սարքեցին, որ ավելի բարդացնեն», - պատմեց Պողոսյանը:

Նոյեմբերի 5-ի երթին նախորդել էր նստացույցը Ազատության հրապարակում։ Ալեք Պողոսյանը ընդունում է, որ երթին մահակներով և պայթուցիկ նյութերով են մասնակցել։ Ինքնապաշտպանվելու համար էր, ասում է․- «Պայթուցիկների մի մասը ես եմ առել, բերել ենք, մենք մեր ձեռքով սարքել ենք: Վերնիսաժից եմ առել, թե որտեղից, էդ բրոնզը առա: Մեր գյուղից ես պիտի փայտերը բերեի, ամառը արդեն պատրաստել էի, բայց բերելը պրոբլեմ եղավ, տեղում առանք: Մարտի 1-ից հետո, երբ պարզա, որ իշխանությունը կրակում ա ժողովրդի վրա, անզեն փողոց դուրս գալը մեզ համար, ոնց որ մատաղացու գնաս, պիտի պատրաստ լինես գոնե մի քիչ»:

Հոր հետ արժեքների հեղափոխության համար փողոց դուրս ելած Շահեն Հարությունյանն այսօր Խարբերդ է գնացել՝ հանդիպելու հոր գաղափարակից ընկերոջը՝ Ալեք Պողոսյանին։ 4 տարի առաջ, երթի ժամանակ Շահենն անչափահաս էր, նա ևս դատապարտվեց խուլիգանության համար 4 տարվա ազատազրկման։ Դատարանը, սակայն, որոշեց պատանու ազատազրկման որոշումը փոխարինել պայմանական ազատազրկմամբ:

Արդեն 18-ամյա երիտասարդը, որն այժմ ուսանում է Երևանի պետական համալսարանում, վերհիշում է տեղի ունեցածը․ Ազատության հրապարակում մի քանի օր նստացույց անելուց հետո հայրն ու ընկերները որոշել էին խաղաղ երթ անել՝ բողոքելով Հայաստանի իշխանությունների՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշման դեմ։

Խաղաղ հավաքն ընդամենը մի քանի րոպե տևեց, հիշում է Շահենը․ - «Խաղաղ երթ էինք նախատեսել: Նման բան չի եղել, որ մենք գնալու ենք Բաղրամյան 26: Երևանի փողոցներով երթ էինք նախատեսել և հանրությանը իրազեկեինք նրա մասին, որ մենք արդեն 5 օր Ազատության հրապարակում նստացույց ենք իրականացնում, 5 օր շարունակ պայքարի կոչ ենք անում: Մեր խաղաղ երթը չէր սահմանափակվելու դրանով, նախատեսել էինք պարբերաբար երթեր իրականացնել, որովհետև հայրս կոնկրետ օր էր նշել՝ դեկտեմբերի 2-ը, որ մինչև այդ թափ հավաքի շարժումը և այլն»:

Երբ Ազատության հրապարակից հասան Մաշտոցի պողոտա, ոստիկանները սադրեցին՝ պնդում է Շանթ Հարությունյանի որդին։ Արժեքների հեղափոխության ամենաերիտասարդ մասնակիցը չի կարծում, որ իրենք պարտվել են։

Հիշեցնեմ, նոյեմբերի 5-ի գործով դատապարտվեց 14 մարդ։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 13-ի նկատմամբ ազատազրկման որոշում կայացրեց, մեկի՝ Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք կիրառեց։ Անցած 4 տարիների ընթացքում բանտից ազատ է արձակվել 6 մարդ։ Խուլիգանության համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն ու նրա մյուս՝ 5 ընկերները դեռևս գտնվում են կալանավայրում։

Հարությունյանի և ընկերների բողոքը դեռ երկու տարի առաջ Եվրոպական դատարան է ուղարկվել։ Փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասում է՝ բողոքը գրանցվել է դատարանում։ Ստրասբուրգ ուղարկած բողոքում նշել են, որ Հայաստանի կառավարությունը խախտել է իրենց խաղաղ հավաքների ազատության և արդար դատաքննության իրավունքը։

Փաստաբանն ուշադրություն է դարձնում մեկ այլ հանգամանքի վրա՝ նրանց նկատմամբ մեղադրանքը վերաորակվեց, քանի որ ապացույցներ չունեին։

«Ի սկզբանե նրանց առաջադրվել էին մեղադրանքներ՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հոդվածներով, սակայն հետագայում նրանքհասկացան, որ նրանք իշխանության նույնիսկ հագուստ չէին կրում, այսինքն ՝իրենց սադրիչների էին քաղաքացիական հագուստով և հետո արդեն գնաց վերավորակման: Եվ հատկանշական է, որ Շահեն Հարությունյանը, որը էդ ժամանակ ընդամենը 14 տարեկան էր և չէր կարող այդ հոդվածի սուբյեկտ լիներ, դրա համար նրան էլ առաջադրվեց խուլիգանության հոդվածը, և նա էլ մեղավոր ճանաչվեց այդ հոդվածով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ինեսա Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG