Ռուսաստանը մուտքի արգելանք է սահմանել Կանադայի տասնյակ քաղաքացիների նկատմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիների դեմ այդ երկրում ընդունված պատժամիջոցներին ի պատասխան, հաղորդել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Նախօրեին Կանադայի արտգործնախարարությունը հաղորդեց, թե սահմանափակումներ է մտցրել ռուս իրավաբան Մագնիտսկու գործով անցնող երեք տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանրդ Բաստրիկինի ու գործը քննող դատավոր Սերգեյ Պոդոպրիգորովի նկատմամբ: Վերջիններիս բանկային հաշիվները Կանադայի տարածքում կսառեցվեն, մուտքը՝ կարգելափակվի:
37-ամյա Սերգեյ Մագնիտսկին մահացել է ռուսական բանտում 2009-ին: Իրավաբանը բացահայտել էր Ռուսաստանում պետական միջոցների յուրացման խոշոր սխեմաներ ու կոռուպցիոն մեխանիզմներ, ինչից հետո իշխանությունները, նրան ձերբակալել էին՝ հարկերից խուսափելու մեղադրանքով:
Ավելի վաղ նույն գործով ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանել նաև Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան: