Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ իրազեկման արշավ գյուղերում


Շիրակի մարզի գյուղերում կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներին ակտիվացնելու նպատակով տեղական «Լոգոս» հասարակական կազմակերպությունը շրջիկ թատրոն է ստեղծել ու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ՝ ներկայացումների միջոցով իրազեկման արշավ անցկացրել վեց գյուղական բնակավայրերում։

Ընտրությունները երբեմն գյուղերում ընտանեկան վեճերի առիթ են դառնում՝ համայնքի ղեկավարի կամ ավագանու մի թեկնածուն՝ կնոջ, մյուսն էլ ամուսնու ազգականը կամ մտերիմն է: Շրջիկ թատրոնը ընտրությունների նախաշեմին գտնվող խոշոր գյուղերում փոքրիկ ներկայացումների միջոցով փորձում է կանանց իրազեկել, որ իրենք էլ կարող են համայնքապետի ու ավագանու թեկնածուներ լինել և ազատ ընտրություն կատարել։ Ամեն մի ներկայացումից հետո բավականին բուռն քննարկում ու բանավեճ էր ծավալվում։

«Եթե թեկնածուն ինձ հարազատ չէ, իմ համար բոլորն էլ հավասար են: Ամուսինս եթե համակարծիք է մեկին, ուրեմն ես էլ եմ էդ մեկին համակարծիք: Ես ինչո՞ւ պիտի իմ ամուսնու հետ խնդիրներ ունենամ թեկնածուի համար», - ասաց ներկայացմանը ներկա կանանցից մեկը:

«Լոգոս» հասարակական կազմակերպության նախագահ Արա Մելիքյանն ասում է՝ ինտերակտիվ ներկայացումներն ավելի ազդեցիկ են, քան նույնիսկ կանանց իրավունքների թեմաներով դասընթացները։ Մելիքյանի դիտարկմամբ՝ հատկապես գյուղերում կանայք իրենց իրավունքների մասին լավ իրազեկված չեն, ավելի շատ տան հոգսերով են զբաղված:

«Սա շա կարևոր է հատկապես գյուղական համայնքի բնակիչների համար, որովհետև իրազեկման առումով մասնավորապես գյուղական համայնքներում շատ թույլ է իրազեկության մակարդակը սեփական իրավունքների վերաբերյալ, առհասարակ կանանց իրավունքների վերաբերյալ», - ասաց Մելիքյանը:

Շիրակի մարզում 42 համայնք կա, որոնցից միայն մեկի՝ Ամասիայի խոշորացված համայնքի ղեկավարն է կին։ Ինչո՞ւ են գյուղերում կանայք հեռու պահում իրենց քաղաքական կյանքից ու ղեկավար պաշտոններից: Կանանցից մեկը պատասխանելով այս հարցին, ասաց․ - «Ես ցանկություն չունեմ»

«Չէ, բնականաբար չէ: Նախ արդեն տարիքի հետ կապված է, հետո էլ ես ավելի շատ նվիրված եմ իմ ընտանիքին, թոռների մեծացնելուն», - արձագանքեց գյուղաբնակ կանանցից մյուսը:

Վաղը Շիրակի մարզի 3 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար ու ավագանի: Համայնքապետի 16 թեկնածուներից և ոչ մեկը կին չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG