Մատչելիության հղումներ

Նորքի զինված խմբի գործով դատավարությանը հրապարակեցին ամբաստանյալների բնակարանների խուզարկության արձանագրությունները


«Ձեռք բերել պետական իշխանությունն ու կառուցել հզոր պետություն», «Թող մարեն աչքերս, միայն թե ծագի Հայաստանի արևը»․ այսպիսի գրություններով նոթատետրեր ու թռուցիկներ են իրավապահները խուզարկությամբ հայտնաբերել Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալներից Արա Պողոսյանի բնակարանում:

Ամբաստանյանը նշել է, թե դրանք իր հանգուցյալ աներոջն են պատկանում: Պողոսյանի բնակարանից առգրավվել են նաև ոստիկանական համազգեստ և ուսադիրներ:

Մեղադրող դատախազներն այսօր դատարանում հրապարակեցին նաև գործով անցնող մյուս ամբաստանյալներից մի քանիսի բնակարանների խուզարկության արձանագրությունները, որոնք դիտարկվում են որպես մեղադրանքի ապացույց:

«Աստված սեր է, սիրիր եւ ուզածդ արա», «Գրողի ծոցը սահմանադրական բարեփոխումները»․ այսպիսի գրառումներով նոթատետր են հայտնաբերվել ամբաստանյալ Գևորգ Ջնդոյանի բնակարանում: Մյուս մեղադրյալ՝ Վահագն Սահնազարյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամատոմս, բջջային հեռախոսներ և «մեխանիկական այլ սարքավորումներ»:

«Ապագա տեխնոլոջիզ» ընկերությունից, որտեղ աշխատել է Արթուր Վարդանյանը, հայտնաբերվել են 1000 եվրո, համակարգիչներ ու բանկային քարտեր:

Այսօր հրապարակված արձանագրությունների համաձայն, Հակոբ Հակոբյանի բնակարանից հրացան ու նիզակ է հայտմաբերվել, իսկ Խաչիկ Ավետիսյանի բնակարանից՝ փամփուշտներ:

Իրավապահները սպիտակ փոշենման զանգված են առգրավել նաև ամբաստանյալ Հրանտ Վարդանյանի բնակարանից: Երբ դատախազներն ընթերցում էին այս արձանագրությունները, Վահագն Սալնազարյանի ու Վաղինակ Ստեփանյանի փաստաբանները հայտարարեցին, թե խուզարկությամբ առգրավված իրեղեն ապացույցներից արդեն պարզ է, որ իրենց վստահորդներին առաջադրված մեղադրանքները փաստող ոչինչ չկա․ - «Զենք, ռազմամթերք և պայթուցիկներ չեն հայտնաբերվել: Հայտնաբերված սկավառակները, համակարգիչները որևէ տեղեկատվություն կապված «Հայոց բանակ» կազմակերպության հետ չեն պարունակում»:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել երկրի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Աժ-ի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել 33 հոգու: Այս գործով որպես մեղադրյալ անցնում է նաև ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG