Ռուսաստանյան դատարանն ընդունել է Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»: Ընդդիմադիր գործիչը պնդում է, թե տեղական իշխանությունները Կրեմլի հրահանգով իրեն արգելում են հանդիպել ընտրողների հետ՝ հաջորդ գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ:
Նավալնիի գլխավորած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» իրավաբան Իվան Ժդանովը նշել է, որ հայցադիմումում ընդդիմադիր գործիչը դատարանին խնդրում է ապօրինի ճանաչել երկրի ղեկավարի գործողությունները, որոնք, Նավալնիի խոսքով, խոչընդոտում են իր նախընտրական արշավը: Նավալնին հայտարարել է, թե մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2018 թվականի նախագահական ընտրություններում, սակայն իշխանությունները պնդում են, որ նա մասնակցության իրավունք չունի, քանի որ պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլեսի» գործով:
Նավալնին, այդուհնադերձ, շարունակում է քարոզարշավը և արդեն նախընտրական շտաբեր է բացել 80 քաղաքներում: Այդ քաղաքներում, սակայն, նրան պարբերաբար արգելում են հանրահավաքներ անցկացնել, իսկ շտաբերի կամավորներին էլ տարաբնույթ ճնշումների են ենթարկում: Ավելի վաղ Կրեմլը, ի պատասխան Նավալնիի բողոքների, հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը չի զբաղվում այս կամ այն ակցիան թույլատրելով կամ արգելելով: