Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գյուլագարակ համայնքի ավագանու թեկնածու Վռամ Գյուլզադյանը համոզված է, որ կիրակի օրը կայանալիք ՏԻՄ ընտրություններում 99 տոկոսով հաղթելու են իշխանության առաջադրած թեկնածուները։
Շեշտելով, որ գրեթե բոլոր համայնքներում հիմնականում Հանրապետական կուսակցության անդամներ են առաջադրվել, նա պնդում է, որ ձևական ընտրություններ են լինելու։ «Կամ երկու հանրապետականի մեջ ա, կամ մի հատ հանրապետականի, մի հատ էլ կեղծ կամ ծույլ հանրապետականի: Էսպես, որ երևա, որ ընտրություն ա էլի։ Այ էստեղ անվստահություն կա մեծ, որ մարդը գիտի, որ կարա աշխատի, բայց չի առաջադրվում։ Կոմունիստներից վերան մոնոպոլ վիճակ ա։ Կոմունիստները գլուխները քարն էին տվել»,- ասում է Գյուլզադյանը:
Նոյեմբերի 5-ին հիմնականում խոշորացված համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ են։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Ոմանք ասում են՝ համեստ քարոզարշավ են արել, շատերը, վստահ լինելով, թե ճանաչված են, դրա կարիքը չեն էլ զգացել։ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի թեկնածու, Ալագյազի գործող գյուղապետ Ազիզ Մհոյանն ասում է. «Ես շատ համեստ ընտրարշավ եմ արել, մի երկու մեքենայով...»: Նրա մրցակիցը՝ Ջսամ Մախմուդովը, ով ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է, գյուղական բնակավայրերի այն եզակի թեկնածուներից է, ով նախընտրական ծրագիր ու գովազդային պաստառներ ունի․ «Ես ունեմ բուկլետ, ես ունեմ ծրագիր...»:
Ի դեպ, այս ընտրությունների համատեքստում ևս ընտրակաշառքի թեման չի շրջանցվում։ Այդ մասին խոսում են ոչ միայն իշխանության թեկնածուների մրցակիցները, այլև հենց իրենք՝ հանրապետական գյուղապետերը։ Օձունի գյուղապետ, հանրապետական Արսեն Տիտանյանն ասում է․ «Գիտե՞ք ինչ կա, էսօրվա ընտրություններին կան նաև գործոններ, որոնք գործի են գցվում՝ ֆինանսականը»: Նրա մրցակիցներից մեկը Օձունի նախկին գյուղապետ Մելիք Այվազյանի որդին է՝ Բարսեղ Այվազյանը։ Նրա հայրը 2008 թվականին պարտվել էր այսօրվա գործող գյուղապետին ու կարճ ժամանակ անց մահացել։
Գյուղացիներն ասում են՝ հոր մահից հետո Բարսեղ Այվազյանը բոլոր ընտրություններում առաջադրում է իր թեկնածությունը՝ «հորը չընտրած գյուղացիներից վրեժ լուծելու համար»։ «Ուզում ա գյուղապետ դառնա: Հերը գնացել ա, ուզում ա հոր մուռը հանի։ Ասում ա՝ ես պտի ընտրվեմ, հորս մուռը հանեմ»,- ասում է գյուղացիներից մեկը:
Թեկնածուներից շատերը, սակայն, վստահ են, որ արդեն բազմաթիվ ընտրություններում կոփված ընտրողների վրա էլ ոչ մի գործոն չի ազդի։ Ալագյազի համայնքի ղեկավարի թեկնածու Ազիզ Մհոյանի խոսքով՝ «հիմա ընտրողները պրոֆեսիոնալ են դարձել»:
Նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին հանրապետության 49 համայնքներում առաջադրվել է ընդամենը 3 կին թեկնածու։ Օձունցի Դոնարա Հախինյանը նրանցից մեկն է։ Պայքարելու է 2 տղամարդ թեկնածուների դեմ։ «Էսօրվա տղամարդիկ մենակ մտածում են իրանց փորերը հաստացնեն, դուրս գան մեյդան, ու չեն մտածում մարդկանց ինչպես կարող են օգնեն։ Կնոջ առավելությունն էն ա, որ կին եմ, ինձ համար ոչ մի փակ դուռ չկա, պատրաստ եմ ամեն ինչի»,- ասում է Դոնարա Հախինյանը ։
Գյուղացիներից շատերը համոզված են, որ ՏԻՄ ընտրություններից հետո իրենք դարձյալ մենակ են մնալու իրենց հոգսերի հետ։