Մատչելիության հղումներ

«Մենք ունենք մի պրոբլեմ, որի անունն է Հյուսիսային Կորեա»․ Թրամփ


ԱՄՆ նախագահը զրուցում է լրագրողների հետ 12 օրով Ասիայի տարածաշրջան մեկնելուց առաջ, Վաշինգտոն, 3-ը նոյեմբերի, 2017թ.
ԱՄՆ նախագահը զրուցում է լրագրողների հետ 12 օրով Ասիայի տարածաշրջան մեկնելուց առաջ, Վաշինգտոն, 3-ը նոյեմբերի, 2017թ.

Թրամփը և Պուտինը կարող են հանդիպել Վիետնամում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր մեկնում է Ասիայի տարածաշրջան՝ Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, ապա Վիետնամ, որտեղ գումարվում է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը: Այնուհետև նա կմեկնի Ֆիլիպիններ՝ մասնակցելու Հարավային Ասիայի երկրների ղեկավարների հավաքին: Վաշինգտոնում նշում են, որ սա Ասիայի տարածաշրջան Ամերիկայի նախագահների ամենաերկարատև ուղևորությունն է 1991-92 թվականին Ջորջ Բուշ ավագի կատարած ուղևորությունից հետո:

Վիետնամում՝ Դա Նանգ ավանում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի մասնակիցների թվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ուստի՝ բարդ հարաբերությունների և փոխադարձ անվստահության փուլում գտնվող երկու գերտերությունների ղեկավարները կարող են նոյեմբերի 8-ից 10-ը կայանալիք հավաքի շրջանակներում առանձնազրույց ունենալ: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ չի բացառում հանդիպման հնարավորությունը:

«Այո, հիմա դա քննարկվում է, երբ մանրամասները հստակեցվեն, մենք ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է Պեսկովը, հավելելով, որ Ռուսաստանի և Ամերիկայի նախագահների հանդիպումների և ընդհանրապես շփումների նշանակությունը միջազգային հարցերում դժվար է գերագնահատել:

Վաշինգտոնը ևս ակնարկում է նման հանդիպման հնարավորության մասին: Պատասխանելով Fox News հեռուստակայանի թղթակից Լաուրա Ինգրահամի հարցերին, Թրամփը նշել է, որ ինքը Վիետնամում կարող է հանդիպել Պուտինին: «Պուտինը շատ կարևոր է, նա կարող է մեզ օգնել Հյուսիսային Կորեայի հարցում»,- նկատել է Թրամփը, ավելացնելով, որ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումը կընձեռի նաև Սիրիայի և Ուկրաինայի թեմաներին անդրադառնալու հնարավորություն:

Թրամփի այցին անդրադարձել է նաև նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄքՄասթերը: «Միացյալ Նահանգները հավատարիմ է Կորեական թերակղզու ամբողջական, ստուգելի և մշտական ապամիջուկայնացմանը: Նախագահ Թրամփը պարզ կընդգծի, որ Հյուսիսային Կորեան սպառնում է ոչ միայն մեր դաշնակիցներ Հարավային Կորեային և Ճապոնիային, այլև ԱՄՆ-ին: Հյուսիսային Կորեան սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, աշխարհը պետք է ավելին անի վտանգը չեզոքացնելու ուղղությամբ: Հիմա հենց դա է տեղի ունենում, բայց նախագահն ընդունում է, որ ժամանակն անցնում է, և մենք երկրներին կհորդորենք ավելին ասեն»,- ասել է ՄքՄասթերը:

Նախագահը Fox News-ին երեկ տված հարցազրույցում Փհենյանի թեմային անդրադառնալով՝ հույս է հայտնել, որ ուղևորոթյունը շահավետ կլինի: «Մենք մի խնդիր ունենք, և դրա անունն է Հյուսիսային Կորեա: Ես պետք է ասեմ ձեզ, որ մենք կլուծենք այդ խնդիրը: Եվ եթե չլուծենք, ապա դա շատ տհաճ կլինի հյուսիսկորեացիների համար, դա շատ տհաճ կլինի բոլորի համար»,- ասել է նախագահն ու հավելել. «Կարծում եմ, շատ լավ բաներ տեղի կունենան, սա նախագահի կատարած ամենակարևոր այցերից մեկը կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG