Մատչելիության հղումներ

Սփյուռքի նախարարությունը նախատեսում է 2018-ին հայրենադարձության ծրագիր սկսել, որի շրջանակում հայեցակարգ ու նաև հայրենադարձության մասին օրենք կմշակվի։ Այս մասին տեղեկացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք իրատեսական համարում են նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2040-ին 4 միլիոն բնակիչ ունենալու տեսլականը:

Հակոբյանի փոխանցմամբ, պետք է մանրակրկիտ ուսումնասիրել, թե ինչպես կարող են մարդկանց շահագրգռել՝ Հայաստան գալու, այստեղ աշխատելու և ապրելու համար:

«Ես կարծում եմ, որ եթե հանրապետության նախագահը հայտարարել է, ուրեմն պատասխան նաև հաշվարկներ, մոտեցումներ, ճշգրտումներ արվել են։ Ինչ վերաբերում է Սփյուռքին` մեխանիկական աճի առումով, ոչ միայն բնական աճի առումով, մենք 2018 թվականին նախատեսել ենք հայրենադարձության նախապատրաստական աշխատանքները, մենք, փաստորեն, մշակելու ենք հայեցակարգ, ուսումնասիրել ենք մյուսների փորձը, մշակելու ենք օրենք հայրենադարձության մասին, մասնագիտական հայրենադարձության համար ենք փորձում աշխատանքներ իրականացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Ըստ սփյուռքի նախարարի, հայրենադարձության համար հայրենասիրությունը բավարար չէ։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում հայրենադարձությունը, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. - «Մենք պետք է կարողանանք Հայաստանի հնարավորությունները ներկայացնել՝ ի՞նչ կարող ենք իրենց առաջարկել, ինչպիսի՞ մասնագետների կարիք մենք ունենք, որո՞նց մենք պետք է հրավիրենք, պայմաններ ստեղծենք։ Եթե նրանք այնպիսի մասնագետներ են, որոնք պետք են Հայաստանին և Հայաստանում նման մասնագետներ կա՛մ չկան, կա՛մ քիչ են, իհարկե, պետք է մտածել նրանց համապատասխան աշխատավարձ տալու մասին, պայման ստեղծելու մասին, որ մարդը գա։ Միայն հայրենասիրության դրդմամբ գա, կանգնի փողոցում, դա չի լինի հայրենադարձություն։ Հետևաբար որոշակի պայմաններ մենք պետք է առաջարկենք։ Յուրաքանչյուր նախարարություն պետք է իր հնարավորությունների սահմաններում առաջարկներ ներկայացնի և մենք փորձենք ընդհանրացնել, իմի բերել։ Լուրջ բան է նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքները հայրենադարձության»։

«Ազատության» դիտարկմանը, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանից մեկնածների և ժամանածների սալդոն շարունակում է բացասական արդյունքներ գրանցել, այսինքն՝ ավելի շատ մեկնում են երկրից քան ժամանում, և հարցին, թե ինչպե՞ս են իրավիճակը փոխելու, Հրանուշ Հակոբյանը հակադարձեց, թե միևնույն է՝ կան նաև հայրենադարձներ։

Հիշեցենք՝ անցած մեկ տարվա ընթացքում, Հայաստանի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, կրճատվել է ավելի քան 14 հազարով։

Հարցին, թե այդ միտումը հաշվի առնելով` ի՞նչն է դրսի մարդկանց, այսինքն՝ դրսում գտնվողներին, ստիպելու ետ գալ, երբ այստեղից միայն գնում են առայժմ, Հակոբյանը պատասխանեց. - «Հազարավոր մարդիկ վերադառնում են։ Ամիսներ առաջ ես հայրենադարձ մարդկանց հրավիրեցի նախարարություն՝ հանդիպման։ 120 հոգի եկան։ Ես ավելի շատ սպասում էի, որ պետք է քննադատեն, բողոքեն, ինչ-որ խնդիրներ ներկայացնեն, բայց ի զարմանս ինձ, նրանք բոլորը հարմարվել էին, և ի ուրախություն նաև մեզ, ասում էին՝ և՛ թերություններն է մերը, և՛ առավելություններն են մերը՝ հայրենիքի։ Հայրենիքի առավելություններից ամենակարևորն իրենք շեշտում էին, որ այստեղ անվտանգ է, որ այստեղ կայուն է, որ դպրոցում իր երեխային չի սպառնում թմրամոլությունը, այլասերումը և այլն, «ես այդ առումով», ասում է, «հանգիստ եմ»։ Իսկ երեխայից ավելի կարևոր խնդիր ես չեմ տեսնում։ Վկան նաև այն 22 հազար սիրիահայերն են, որոնք չգնացին Շվեդիա կամ Կանադա, չգնացին Լիբանան կամ Թուրքիա, եկան և հաստատվեցին Հայաստանում, երեք-չորս տարիների ընթացքում կարողացան բիզնես դնել, գործ անել, աշխատանք տանել։ Այսինքն՝ ցանկության դեպքում, եթե ուզենաս, միշտ էլ գործ կարելի է գտնել, միշտ էլ կարելի է գործ հիմնել»։

Թե ինչո՞ւ են Հայաստանից մարդիկ արտագաղթում, Հրանուշ Հակոբյանը միանշանակ պատասխան չունի, ըստ նրա, մեկ բառով անհնար է ձևակերպել՝ մեկը գնում է ավելի բարձր աշխատավարձ ստանալու, մյուսը՝ ընտանիքի հետ վերամիավորվելու, երրորդն էլ՝ ինչ-որ մեկից նեղանում, գնում է։

Ի դեպ, հայրենադարձության ծրագիր մշակող սփյուռքի նախարարին լրագրողները հիշեցրին, որ սեպտեմբերին «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին մասնակցող սփյուռքահայերը դժգոհում էին Հայաստանում ստեղծված իրավիճակից, խոսում էին ներդրումներ անելու վտանգների մասին, մասնավորապես, որ վստահություն չունեն, թե Հայաստանում բիզնես հիմնելով՝ այն անվերադարձ չեն կորցնի:

«Իսկ ո՞վ ասեց, որ 100 տոկոսով բոլոր բիզնեսները կայանում են։ Բիզնես կա, որ կայանում է։ Իսկ ինչո՞ւ չեք տեսնում Էռնեկյանի բիզնեսը, ինչո՞ւ չեք տեսնում Սերգեյ Համբարձումյանի բիզնեսը, Կարապետյանի բիզնեսը, Ռուբեն Վարդանյանի բիզնեսը, լավերն էլ տեսեք։ Ուրեմն, սիրելիներս, ով ուզում է գործ անել, գործ է անում, ով չի ուզում գործ անել, բայց իրեն հայրենասերի տեղ է դնում, սկսում է քննադատել։ Պետք է գործ անել», - ասաց սփյուռքի նախարարը։

Կլինի արդյո՞ք ինքը նոր կառավարության կազմում, Հրանուշ Հակոբյանը տեղյակ չէ, ասաց՝ ինքը չի որոշում:

Նշենք, որ մի քանի ամսից՝ 2018-ի ապրիլին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի լիազորությունները, պետք է նոր կառավարություն ձևավորվի՝ նոր վարչապետի գլխավորությամբ:

Հարցին՝ կուզենա՞ր տեսնել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին, սփյուռքի նախարարը պատասխանեց՝ կգա ժամանակը, կքննարկեն և հենց այդ ժամանակ էլ ինքն իր կարծիքը կհայտնի։ «Եթե հանրապետության նախագահն այսօր իրականացնում է փայլուն ձևով իր գործառույթները, ուրեմն նա պետք է շարունակի աշխատել, ի՞նչ եք ուզում», - ասաց Հրանուշ Հակոբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG