Մատչելիության հղումներ

Եթե Ադրբեջանը խելքի գա և լուծումը լինի փոխզիջումային, դա կողմերի համար ցավալի կլինի. ՀՀ փոխարտգործնախարար


Եթե Ադրբեջանը խելքի գա և իրոք լուծումը լինի փոխզիջումային, բնական է դա կողմերի համար ցավալի կլինի, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պարզաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի այն դետարկմանը, թե «ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից տասն օր անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հյուրընկալվելով Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, հայտարարեց. - «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»:

«Եթե Ադրբեջանը խելքի գա, և իրոք լուծումը լինի փոխզիջումային, բնական է, դա կողմերի համար ցավալի կլինի, սակայն դրա որևէ նշան չկա, որ Ադրբեջանը պատրաստ է գալ կոնստրուկտիվ քայլերի», - այսօր ասաց Քոչարյանը՝ շարունակելով. - «Բայց ես հրաժարվում եմ խոսել որևէ փոխզիջման մասին, որովհետև, եթե մի կողմը խոսում է ոչ թե զիջումների մասին, այլ հակառակը՝ բարձրացնում է նշաձողը, ապա խոսել հայկական կողմի զիջումների մասին, կոպիտ սխալ է, դա կլինի հենց զիջում, ոչ թե փոխզիջում։ Դրա համար այն պահին, երբ որ Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է փոխզիջման, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»։

Շավարշ Քոչարյանը նշեց, որ կան հարցեր, որոնք վերաբերում են միայն Լեռնային Ղարաբաղին և առանց Ղարաբաղի ոչ ոք չի կարող քննարկել այդ հարցերը։

«Դա Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության հարցն է, նրա կարգավիճակի։ Առանց Լեռնային Ղարաբաղի նման հարցեր ոչ ոք չի կարող քննարկել։ Դա շատ լավ հասկանում են միջնորդները, և պատահական չէ, որ միշտ ասում են՝ երբ որ գա փուլը, որ կոնկրետ բանակցությունները պետք է առաջ շարժվեն, առանց Ղարաբաղի դա անհնարին է», - ասաց Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG