Մատչելիության հղումներ

Ավելի հավանական է, որ 2018-ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կլինի առաջին փոխվարչապետ. Արմեն Բաղդասարյան


Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը հավատում է հանրապետականների այն պնդումներին, որ կուսակցության ներսում չի քննարկվել, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը 2018-ի ապրիլից հետո։

Քաղաքական վերլուծաբանը նշում է՝ չհավատալու հիմքեր չունի։ «Ես չհավատալու հիմքեր, ճիշտն ասած, չունեմ։ Կարծում եմ, որ գուցե իսկապես չեն քննարկել, որովհետև դա այն հարցն է, որ անձնական քննարկումներ այդպես պարտադիր չեն։ Կարևորը՝ բազմիցս ասվել է, որ ով էլ լինի վարչապետ, հիմնական ղեկավարը, փաստացի ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը։ Դա բազմիցս ասվել է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ փաստացի ղեկավարման առումով անակնկալներ չեն սպասվում։ «Ինչպիսի՞ն կլինի մեխանիզմը, Սերժ Սարգսյանն ի՞նչ մեխանիզմով կղեկավարի երկիրը՝ այլ հարց է», - ասաց վերլուծաբանը։

Հարցին, թե իր կարծիքով՝ ո՞րն է ավելի հավանական մեխանիզմը, Բաղդասարյանը պատասխանեց. - «Տեսեք, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը գնալով ավելի խորն է թաղվում այդ ճահիճի, կամ ուրիշներն ասում են՝ 170-միլիոնանոց շուկայի մեջ։ Տնտեսական առումով, եթե այսպես շարունակվի, Հայաստանը դառնալու է Ռուսաստանի տնտեսական շրջաններից որևէ մեկի մասը, ասենք՝ Կրասնոդարի երկրամասի նման, տնտեսակա՛ն առումով՝ շեշտում եմ։ Եթե դա այդպես է, ապա շատ ավելի լավ վարչապետ կլինի Կարեն Կարապետյանը, որպես ռուսական տնտեսական շրջան։ Եթե Հայաստանը պահպանում է իր անկախությունը, որևէ նշանակություն չունի, թե ով է լինում վարչապետն այդ դեպքում, ինչո՞ւ՝ որովհետև Հայաստանի տնտեսության հիմնախնդիրները, պրոբլեմները, տեսնում եք, չէ՞, որոնք են՝ շրջափակում, չկարգավորված հակամարտություն, դրանք տնտեսական պատճառներ չեն, հետևաբար՝ նշանակություն չունի, թե ով է լինելու վարչապետ։ Իսկ եթե Հայաստանը դառնում է Ռուսաստանի տնտեսական հատված, իհարկե, Կարեն Կարապետյանն ավելի լավ վարչապետ կլինի»։

Քաղաքական վերլուծաբանն ավելի հավանական է համարում, որ 2018-ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կլինի առաջին փոխվարչապետ և ամբողջական պատասխանատվություն կկրի տնտեսության համար։ «Դա առավել հավանական մոդել է, որովհետև հանրապետականները բազմիցս ասել են, որ վարչապետը պետք է կարողանա դիմակայել արտաքին քաղաքական մարտահրավերները, և վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր էլ [հինգշաբթի օրը ասուլիսի ժամանակ] ասաց, որ, այո՛, ինքն այդ գնահատականը կիսում է, որ Սերժ Սարգսյանն այդ առումով լավագույնն է», - ասաց Արմեն Բաղդասարյանը։

Վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իշխող կուսակցությունը վարչապետի թեկնածու կառաջարկի 2018-ի ապրիլի 9-ից հետո, իսկ թե ով է գլխավորելու կառավարությունը գալիք տարվա ապրիլից, ՀՀԿ-ում քննարկումներ չեն եղել, և որևէ պայմանավորվածություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG