Մատչելիության հղումներ

Կարո Եղնուկյանը դատարանի դահլիճից տեղափոխվեց հիվանդանոց


«Սասնա ծռերի» գործով 11-ի ամբաստանյալների այսօրվա դատավարության մեկնարկին զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանին դատարանի դահլիճից տեղափոխեցին հիվանդանոց։ Նրա ինքնազգացողությունը վատացավ ելույթի ժամանակ, երբ հայտարարում էր, որ այլևս նիստերին չի մասնակցի։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը փոխանցեց շտապօգնության բժշկի եզրակացությունը՝ Եղնուկյանի զարկերակային ճնշումը բարձր է, և նրան անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց՝ հետազոտման։

Մինչև հիվանդանոց տեղափոխվելը, Եղնուկյանը պարզաբանեց, թե ինչու չի ցանկանում մասնակցել նիստերին։ Ասաց, որ արյան բարձր ճնշում ունի, տարակուսանք հայտնեց, թե ինչու պետք է իր գործը քննվի գունդր գրաված անձանց գործի հետ։ Ասաց նաև, որ դեռևս նախորդ նիստին դատավորը մերժեց իրենց առաջարկը՝ իր գործն առանձնացնել զինված խմբի գործից, մինչդեռ դա ամենաարդյունավետ քայլը կլիներ։ Իր խոսքում նա դատավորի այս որոշումը «ցինիկ» որակեց, ինչը զայրացրեց Արտուշ Գաբրիելյանին։

Շարունակելով խոսքը՝ Եղնուկյանը դիմեց դատավորին․ - «Սպանությանս պատճառ մի դարձեք, մահս ձեր խղճին թող չլինի, Դուք վատ մարդ չեք։ Եթե էսպես շարունակվի, ամեն նիստին ես գամ և ներվայնանամ իզուր տեղը, մանավանդ որ իմ հետ կապ չունի, մի օր կարող է ողբերգական իրավիճակ դառնա: Եթե ես մասնակցում եմ այս նիստերին, ուրեմն ես ինքնասպանություն եմ գործում: Իսկ ես ինքնասպանություն գործելու նպատակ չունեմ: Ես կարող եմ ինքնազոհաբերություն անել հատուկ նպատակի համար, մահից չեմ վախենում: Բայց էշ նահատակ մեռնել դատարանում սրտի կաթվածի կամ ինսուլտի հետևանքով, ես դա չեմ անի»:

Դատավորը սանկցիա կիրառեց Եղնուկյանի նկատմամբ՝ դատավորին «արա»-ով դիմելու համար։

Այսօրվա դատական նիստին ԱՄՆ քաղաքացի Եղնուկյանը և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդեցին գործի քննությունից հեռացնել դատախազ Պետրոս Պետրոսյանին, ով վերահսկել է այս գործի նախաքննությունը։ Փաստաբանը հայտարարեց, որ վերջինս կարևոր հանգամանքներ է բաց թողել գործից, որոնք կապացուցեին, որ Եղնուկյանը չի օժանդակել «Սասնա ծռերին»։

Նրանց միացան մյուս փաստաբանները։ Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ Եղնուկյանը քաղաքական հաշվեհարդարի զոհ է․ - «Ես գտնում եմ, որ միջնորդությունը հիմնավոր ա, պետք ա բավարարվի: Միջնորդության հիմքում դրված էր էն հանգամանքը, պարոն Հայրապետյանը կոնկրետ օրինակներով, փաստերով հիմնավորեց, որ մեղադրող Պետրոս Պետրոսյանը Կարո Եղնուկյանի նկատմամբ ունի կողմնակալ, ընդգծված բացասական վերաբերմունք, և ըստ էության Կարո Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնող պաշտոնատար անձանցից է»:

Արտուշ Գաբրիելյանը մերժեց գործից հեռացնել դատախազ Պետրոս Պետրոսյանին։ Դատավորը մերժեց նաև կալանքից ազատ արձակել ամբաստանյալներ Մանվել Աթոյանին և Խաչատուր Գիչյանին։ Վերջինս ևս այսօր բարձր ճնշում ուներ՝բժիշկը նրան նույնպես զննել էր։ Նրա փաստաբան Աննա Ջուվանովան 500 հազար դրամի գրավ առաջարկեց, պնդեց, որ 70-ամյա տարեց մարդը չի թաքնվի քննությունից և չի ազդի գործով անցնող անձանց վրա։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն, ինչպես միշտ, առարկեց՝ հիմնավորելով, որ Գիչյանին մեղսագրվող արարքը առանձնապես ծանր հանցագործություն է:

Հիշեցնենք, այս վարույթով 11 ամբաստանյալներ են անցնում՝ «Սասնա ծռերի» 7 անդամներ, զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող անձանցից Կարո Եղնուկյանն ու Խաչատուր Գիչյանը, ինչպես նաև Մանվել Աթոյանն ու Վարդգես Գևորգյանը, ովքեր, ըստ մեղադրանքի, փորձել են միանալ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին, բայց իրենց կամքից անկախ պատճառներով հանցագործությունը չեն կարողացել ավարտին հասցնել։

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG