Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Սասնա ծռեր»-ից 10-ի դատավարությունը՝ նոր դատավորի նախագահությամբ


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Պավել Մանուկյանը դատարանում, արխիվ

Այսօր մեկնարկեց Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի գործից առանձնացված վարույթով դատավարությունը, որով անցնում են ամբաստանյալներից 10-ը։

Խմբի առանցքային անդամներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների գործը քննում է Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը։ Այսօրվա նիստը համեմատաբար խաղաղ մթնոլորտում անցավ։ Թեև ամբաստանյալներն այսօր ևս ոտքի չկանգնեցին, ինչպես դա անում էին անցած 4 ամիսներին, երբ գործը դեռ գտնվում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, նոր դատավորը դիտողություն չարեց նրանց, ոչ էլ սանկցիաներ կիրառեց։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիշեցնենք, ամիսներ շարունակ սանկցիաներ կիրառելով՝ այդպես էլ չավարտեց քննության նախապատրաստական փուլը:

Այսօրվա նիստի սկզբում Մեսրոպ Մակյանը հարց տվեց՝ արդյո՞ք իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ կան: Պաշտպանները նման միջնորդություն չներկայացրեցին։ «Հարգելի դատարան, մենք շատ մեծ հույս ունենք, որ չենք կրկնի նույն դատավարությունը, ինչ նախկինում էր և մեծ հույս ունենք, որ դուք կղեկավարվեք Քրեական դատավարության օրենսգրքով»,- հայտարարեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Դատավորը թույլ տվեց, որ մեղադրյալները ելույթ ունենան։ Պավել Մանուկյանը հայտարարեց՝ իրենց պետք է դատեն ցեղասպանությունը կանխելու փորձի համար: Նա իշխանություններին մեղադրեց Հայաստանում ստեղծված իրավիճակի համար։ «Եթե դուք էս գործին ծանոթ եք, ապա այս դեպքում դուք պետք է մեզ դատեիք ցեղասպանությունը կանխարգելելու փորձի համար, որպես արդարության մարտիկներ: Այդ ժամանակ ժողովուրդը կհասկանա, որ մենք դատապարտվում ենք, որպես արդարության մարտիկներ: Շնորհակալ եմ, որ դուք «ամբաստանյալ» բառով չդիմեցիք մեզ: Ես տեսնում եմ, որ նաև ձեր դեմքին մտահոգություն կա, որովհետև սա չոքել է յուրաքանչյուրի դռանը, անկախ դիրքից, զբաղեցրած պաշտոնից»,- դատարանում հայտարարեց Մանուկյանը:

Երբ նա դատավորին խնդրեց՝ արդար դատավարություն իրականացնել, Մեսրոպ Մակյանը կատակեց՝ ճնշում եք գործադրում։ Վարուժան Ավետիսյանը ևս քննադատեց իշխանություններին՝ հայտարարելով՝ դատավորից որևէ ակնկալիք չունի։ «Դատարանները, դատավորները, այդ թվում՝ դուք, այդ հանցավոր համագործակցության անդամներ և բաղադրիչներ եք: Եվ, բնականաբար, ես չեմ կարող, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ մարդ, ձեզ ընդունել որպես դատարան և, համապատասխանաբար, որևէ վերաբերմունք արտահայտել ձեր նկատմամբ՝ որպես դատավորի: Դուք դատավոր չեք, այլ հաշվեհարդարի գործիք, հաշվեհարդարի մեքենայի բաղադրիչ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Արայիկ Խանդոյանն իր խոսքում ավելի սուր արտահայտություններ օգտագործեց՝ նաև վիրավորանքներ հնչեցրեց դատախազների հասցեին, նրանց դիմելով «աղջի»-ով: Դտավորը Խանդոյանի պաշտպաններին խնդրեց իրենց պաշտպանյալին բացատրել, որ վերջինս դատարանում անհարգալից արտահայտություններ չպետք է հնչեցնի: Իրավիճակը հարթվեց այն ժամանակ, երբ Պավել Մանուկյանը 10 րոպե ընդմիջում խնդրեց։

Այսօրվա դատական նիստին դատավորը վերացրեց Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Վարուժան Ավետիսյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը մերձավոր հարազատների համար։ Գագիկ Եղիազարյանի միջնորդությունը, սակայն, մերժեց: Դատավորը նրան առաջարկեց միջնորդության մեջ կոնկրետ նշել այն անձանց անունները, որոնց Եղիազարյանը ցանկանում է տեսակցել։

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG