Մատչելիության հղումներ

Ալագյազում հայկական ու եզդիական համայքների առանձնացումը միանշանակ չի ընկալվում


Արագածոտնի մարզի Ալագյազի գյուղապետ, 11 եզդիաբնակ գյուղերի միավորմամբ ձևավորված Ալագյազ համայնքի ղեկավարի թեկնածու Ազիզ Մհոյանը վիրավորված է. 21 իրար մոտ գտնվող գյուղերը, որոնք նախկինում մի տարածաշրջան էին, համայնքների խոշորացման ծրագրով 2 մասի են բաժանել. հայաբնակները որպես մի համայնք՝ Ծաղկահովիտ կենտրոնով, իսկ եզդիաբնակները՝ առանձին խոշորացված համայնք՝ Ալագյազ կենտրոնով։

«Ես ինքս, անկեղծ եմ ասում, դեմ եմ, որ մեզ առանձնացրին՝ հայերին ու եզդիներին: Մենք էդքան բարեկամ ժողովուրդներ ենք, մեր ամեն ինչը իրար նման ա: Իսկ որ տարանջատեն... ինքս մի քիչ վիրավորվում եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մհոյանը:

Ալագյազի 19 տարվա գյուղապետն ասում է, որ համայնքապետերով անգամ դիմել են Հանրապետության նախագահին՝ դարավոր բարեկամ հայերից չբաժանելու համար․ - «Պատասխանեցին, որ սա Եվրամիության պահանջ ա․ հանրապետություններում ազգային փոքրամասնությունները պետք է ունենան իրանց առանձին միավոր համայնքը»:

Ազգային հիմքով այս բաժանումը վիրավորել է նաև Միրաքի գյուղապետ, Ալագյազ համայնքի ղեկավարի թեկնածու Ալիկ Նամոյանին։ Նրա կարծիքով, բոլոր 21 հայկական ու եզդիական գյուղերը պետք է միացվեին՝ մեկ կենտրոնով։ Նրա կարծիքով, ընտրություններից առաջ եզդիներն անելանելի վիճակում են հայտնվել:

Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչության առաջատար մասնագետ Ջսամ Մախմուդովը, ով Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է, նույնպես պայքարում է Ալագյազ համայնքի ղեկավարի պաշտոնի համար։ Նա նույնպես դեմ է և անհիմն է համարում գյուղերի միավորումը՝ ըստ ազգային պատկանելության։

«Մարզպետարանում էլ եմ քննարկումներ արել իմ ազգի ներկայացուցիչների հետ: Ասել եմ՝ հարազատներ, ոնց որ լինի հայկական կոմսոմոլ, եզդիական կոմսոմոլ: Ամոթ ա ուղղակի: Որպես մարդ, որպես քաղաքացի, շատ ավելի հաճելի կլիներ, որ կլիներ․․․ մեկ միավոր Արագածի տարածաշրջանում: Շատ հաճելի, շատ նորմալ կլիներ»:

Այս հարցում նրա մեղադրանքներն ուղղված են գործող գյուղապետերին։ Թեկնածուին լուրեր են հասել, որ նրանք են կառավարությանը դիմել գյուղերը երկու ազգային համայնքի բաժանելու համար։ Ջսամ Մախմուդովի կարծիքով, գյուղապետերի բոլոր հաշվարկները վերընտրվելու օգտին են․ - «Սրանք մտածում են՝ ամեն ինչ անեն, որ չթողնեն էդ աշխատանքը»:

Թեկնածուներից մյուսը՝ Ռյա Թազայի գյուղապետ Ահմադ Բրոյանը, մինչդեռ, թեև դեմ է խոշորացմանը, բայց եզդիներին առանձին համայնքում կենտրոնացնելու գաղափարը չի քննադատում։ Ըստ նրա, 8000 ընտրող ունեցող հայկական գյուղերի հետ ընդամենը 1500 ընտրող ունեցող եզդիական համայնքները կձուլվեին, ընտրություններին իրենց թեկնածուները ոչ մի հաջողության չէին հասնի։ Համայնքի ղեկավարի թեկնածուն ասում է, թե Տարածքային կառավարման նախարարին անձամբ ինքն է խնդրել եզդիներին առանձնացնել։

Կիրակի օրը կայանալիք ընտրություններին 1500 ընտրող ունեցող խոշորացած Ալագյազում առաջադրվել է 6 թեկնածու։ Բոլորն էլ ազգությամբ եզդի են։ 6-ից 4-ը ՀՀԿ անդամ գյուղապետեր են, մեկը՝ ՀՀԿ-ական պատգամավորի հայրն է, իսկ վերջինն անկուսակցական է, Ալագյազի փոստային բաժանմունքում ավագ օպերատոր է։ Բոլորն էլ ինքնաառաջադրվել են։

Հարցին, թե ինչու միավորված համայնքների Հանրապետական գյուղապետերը համաձայնության չեն եկել ու 4-ով իրար դեմ առաջադրվել, Ալագյազի գործող գյուղապետը արձագանքեց․ - «ես դրանից չեմ նեղվում»:

Միավորված գյուղերից ամենամեծում՝ մոտ 200 ընտրող ունեցող Ալագյազ համայնքում ազգությամբ եզդի ընտրողներից ոմանք արդեն կողմնորոշված են, ոմանք մրցակից համագյուղացիներին կփորձեն չնեղացնել, մյուսներն էլ նշում են, թե ընտրություններին չեն հավատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG