Մատչելիության հղումներ

Պուջդեմոնը հրաժարվում է Իսպանիայի դատարանում ցուցմունքներ տալուց


Կարլես Պուջդեմոն, Բրյուսել, 31-ը հոկտեմբերի, 2017 թ․

Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդ Կարլես Պուջդեմոնը հրաժարվում է ներկայանալ Իսպանիայի ազգային դատարան՝ ցուցմունքներ տալու համար: Այդ մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբանը: Վերջինիս խոսքով, Պուջդեմոնը չի պատրաստվում քաղաքական ապաստան խնդրել Բելգիայի իշխանություններից, սակայն եթե Մադրիդը արտահանձման դիմում ներկայացնի, իրենք այն կբողոքարկեն դատարանում:

Երեկ Իսպանիայի դատարանը ծանուցագրեր է ուղարկել Պուջդեմոնին և Կատալոնիայի արդեն լուծարված կառավարության 13 անդամներին՝ նրանց մեղադրելով հեղաշրջման և պետական միջոցները յուրացնելու մեջ: Եթե Պուջդեմոնն ու նրա աջակիցները վաղը չներկայանան, դատարանը կարող է ձերբակալման որոշում կայացնել և արտահանձման դիմում ներկայացնել, համաձայն եվրոպական օրենսդրության:

Պուջդեմոնի շահերը ներկայացնում է փաստաբան Պոլ Բեքարը, ով տասնամյակներ շարունակ զբաղվել է բասկերի շահերի պաշտպանությամբ: Բելգիայի իշխանություներն ավելի վաղ բազմիցս մերժել են անջատական բասկերին արտահանձնելու՝ Մադրիդի պահանջները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG