Մատչելիության հղումներ

Պուտինը, Ալիևն ու Ռոհանին մտադիր են կյանքի կոչել Բալթիկան Հնդկաստանի հետ կապող «Հյուսիս-Հարավ» ծրագիրը


Թեհրանում արդեն կայացել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի հանդիպումը, 1-ը նոյեմբերի, 2017 թ․
Թեհրանում արդեն կայացել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի հանդիպումը, 1-ը նոյեմբերի, 2017 թ․

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևն ու Հասան Ռոհանին այս պահին Թեհրանում մասնակցում են եռակողմ ձևաչափով հանդիպմանը: Մինչ այդ երեք առաջնորդները միմյանց հետ երկկողմ հանդիպումներ են ունեցել:

Ռոհանի-Ալիև հանդիպմանը, ինչպես նշված է ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում, կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը Ալիևը զրուցակցին տեղեկացրել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Իրանի նախագահը, ով վերջին հինգ տարվա ընթացքում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպում է 10-րդ անգամ, բարձր է գնահատել Թեհրանի և Բաքվի կապերը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում՝ նավթարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն:

Վերջին 10 տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ է Թեհրան այցելում: Իրանի մայրաքաղաքում նրան նախ ընդունել է ԻԻՀ նախագահը, ապա երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին: Սաադաբադ պալատում Պուտինի հետ հանդիպմանը Ռոհանին շեշտել է, թե Իրանն ու Ռուսաստանը նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը:

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ էլ առանձնազրույց են ունեցել Պուտինն ու Ալիևը: «Մեր պետությունների հարաբերությունները հատուկ բույթ են կրում և անխոս՝ խոսքը ռազմավարական բնույթի մասին է»,- հայտարարել է Պուտինը: «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթ են կրում, մենք էլ ենք այդպես բնութագրում»,- իր հերթին նշել է Ալիևը:

Եռակողմ հանդիպմանը երեք նախագահները, ըստ ստացված հաղորդումների, մի շարք հարցերի թվում քննարկելու են քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում երեք երկրների միջև համագործակցությունը: Կրեմլն արդեն հաղորդրել է, որ խոսքը, մասնավորապես, Կասպից ծովում համատեղ ծրագրերի և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասին է, որը Պուտինը բնորոշել է որպես «խոստումնալից նախագիծ»:

Միջանցքը ենթադրում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթծգերի միացում, ինչի արդյունքում հնարավոր կլինի Իրանի տարածքով բալթյան երկրների և Հնդկաստանի միջև ուղիղ տրանսպորտային կապ ապահովել: Նախատեսվում է, որ ծրագրի առաջին փուլում միջանցքով տարեկան կփոխադրվի 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այդ թիվը կարող է հասնել մինչև 10 միլիոնի: Մինչ այդ կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել այդ միջանցքի իրանա-ադրբեջանական «Ռեշտ-Աստարա» հատվածի կառուցման շուրջ, որը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն հաջորդ տարի: Այդ հատվածի գործարկումը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, ինչպես նաև Եվրոպայի արևելյան և հյուսիսային երկրների հետ։

Անցյալ տարի Բաքվում ստեղծված համագործակցության այս եռակողմ ձևաչափի շրջանակներում երեք երկրների ղեկավարները Թեհրանում քննարկելու են նաև տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, սիրիական հակամարտությունը, որում Իրանն ու Ռուսաստանն աջակցում են Բաշար Ասադի ռեժիմին և երկուսն էլ կողմ են, որպեսզի արդեն վեցերերոդ տարին պատերազմի մեջ գտնվող Սիրիայում նոր ընտրութուններ անցկացվեն, սակայն Ասադի մասնակցությամբ:

Թեհրանում Ռուսաստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների ֆոնին: Փորձագետները նշում են, որ Պուտինը Թեհրանից հստակ ազդակներ կուղարկի Վաշինգտոնին, հասկացնելու, որ Կրեմլը շարունակելու է աջակցել Թեհրանին՝ մնալով նրա միակ դաշնակիցը Սիրիայում, և որ մտադիր է ամեն կերպ հակազդել Թրամփի վարչակազմի՝ իրանական միջուկային համաձայնագիրը չեղարկելու փորձերին:

Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է Իրանի հետ միջուկային գործարքի հարցում ԱՄՆ-ի «անկանխատեսելի գործողություններով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG