Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Օրինագծում կան բազմաթիվ խնդրահարույց կետեր


Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով բուռն քննարկումներ հարուցած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) ասաց, թե այս տեսքով այն վիճահարույց է:

«Տնտեսական բռնության հետ կապված որոշակիություն չկա, ի՞նչ ա հոգեբանական բռնությունը, որոշակիություն չկա․ ամեն մեկը մի ձև ա մեկնաբանում: Ապաստարանները արդյո՞ք պետք են-պետք չեն․ եթե ապաստարաններում մարդիկ շատ լինեն, էդ ծախսերը ով է անելու, ո՞վ է ապաստարանները վերահսկողություն անելու․․․ Ծնողի հեղինակության հետ կապված խնդիրներ կան», - մանրամասնեց նա:

Շարմազանովն ասաց, որ առաջարկելու են վերանայել բոլոր այն կետերը, որոնք հակասում են ավանդական հայկական ընտանիքի արժեքային համակարգին․ - «Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, մեկ անգամ չէ, որ մենք խոսել ենք, որ մեր պետության հիմնասյունը ավանդական ընտանիքն ա: Եթե ինչ-որ մարդիկ մոռացել են, տեղեկացնեմ, որ 2016 թվականի նոյեմբերի 26-ին Հանրապետականի համագումարում Հանրապետության և Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր հասարակության հիմքը ավանդական հայկական ընտանիքն ա»:

Շարմազանովն ընդունում է աստվածաշնչյան պատգամը՝ ընտանիքում կինը պետք է հնազանդ լինի, ամուսինը՝ տեր․ - «Տերը չի նշանակում ծեծել: Տերը նշանակում ա պատասխանատու լինել: Ամեն մեկը չի կարա տեր լինի: Հնազանդ լինելն էլ․․․ էդտեղ ամոթ բան չկա․ կինը պըտի հեզ լինի, հնազանդ լինի: Ինչպես տղամարդիկ Աստծո առաջ են հնազանդ, կայանք էլ՝ իրենց տղամարդկանց առաջ: Դա է աստվածաշնչյան օրենքը․ մեկը կարա ընդունի, մեկը կարա չընդունի»:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ այժմ զբաղված է օրինագծի որոշակի ձևակերպումները փոխելով, որպեսզի մտահոգությունները, այդ թվում՝ Հանրապետական գործընկերների, փարատվեն: Բայցև կարծիք հայտնեց, թե օրինագծի դրույթներն էապես չեն փոխվի՝ կհստակեցվեն: Նախարարի խոսքով, օրենքի նախագծից չեն հանվի բռնության տեսակները: Ընտանեկան բռնությունը, ըստ քննարկման դրված նախագծի, կարող է լինել ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի:

«Այն, որ դրանք չեն կարող դուրս գալ օրենքից, ակնհայտ է: Որովհետև անիմաստ կլինի օրենքը, որում չլիներ հիմնական բռնության տեսակը: Իսկ հիմնական բռնության տեսակը, այնուամենայնիվ, դա ֆիզիկականն է, որին նախորդում է հոգեբանականը: Հայտնի է, որ հաջողության հասել են այն երկրները, որոնք արձագանքում են հոգեբանական բռնության պահին՝ թույլ չտալով, որ լինի բռնության էսկալացիա մինչև ֆիզիկականը»:

Հարությունյանի խոսքով, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի հիմնական նպատակը ավանդական ընտանեկան արժեքները պահպանելն է․ - «Ես պետք է նշեմ, որ մենք ոչ միայն պահպանողական կուսակցություն ենք, մենք նաև պահպանողական կուսակցությունների ընտանիքին ենք դասվում: Իսկ այդ կուսակցություններն են եղել առաջամարտիկը նման օրենքների մշակման հարցում: Օրենքի հիմնական նպատակն է՝ պահպանել ավանդական արժեքները՝ թույլ չտալով ընտանեկան արժեքների այլասերում, վերափոխում բռնությանը կամ ընտանիքին, որը կառուցված է բռնության վրա»:

Անդրադառնալով հարցին, թե տեսակետ կա, որ այս օրենքի ընդունումը Եվրամիության պահանջն է, ու, չընդունելով այն, Հայաստանը խնդիրներ կարող է ունենալ, Արդարադատության նախարարն ասաց․ - «Սա մեր պարտավորությունն է: Հայաստանը վաղուց ստորագրել ենք բազմաթիվ միջազգային փաստաթղթեր։ Խնդիրը չեմ ուզում պարզունակ դարձնեք, և դարձնեք Եվրոպայի միության հետ հարաբերությունների հենք»:

Թե օրենքի նախագիծը ե՞րբ կբերվի խորհրդարան, Դավիթ Հարությունյանը դժվարացավ ասել:

Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չհստակեցրեց՝ եթե նախագծի շուրջ մտահոգությունները պահպանվեն ,արդյո՞ք դեմ կքվեարկեն՝ ասելով․ - «Ես տեսնում եմ խնդրահարույց կետեր: Կքննարկենք՝ կորոշենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG