Երևանի ավագանու այսօրվա նիստը, ի տարբերություն նախորդների, անցավ համեմատաբար հանգիստ։ Սակայն «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները ընդվզեցին, երբ քննարկվեց դերասան Հրանտ Թոխատյանին 10 տարի ժամկետով, անհատույց կերպով Կանազի մշակութային կենտրոնի շենքը հանձնելու հարցը։
Ըստ ծրագրի, Թոխատյանին պատկանող «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը 10 տարի շարունակ տարեկան 100 հազար դոլլար ներդրում պետք է կատարի։ Դերասանի խոսքով, շենքն այժմ այնքան անմխիթար վիճակում է, որ հնարավոր չէ այն և՛ վարձակալել, և՛ 1 միլիոն դոլարի ներդրում անել․ - «Եթե որևէ մեկը ինձ կկարողանա բերի մի օրինակ, որ մեկ միլիոն դոլարին համարժեք դրամը ներդնելով ընդամենը տասը տարում հնարավոր է գոնե մեկ լումա վերադարձնել, ես միայն կասեմ էդ մարդուն «բրավո» ու կհրավիրեմ մեզ հետ միասին գործելու: Դա համարյա հնարավոր չի»:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը նկատեց, որ պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը՝ մշակութային կենտրոնի տնօրենի ներկայիս պաշտոնակատարը, տարիներ շարունակ անգործությամբ է զբաղվել, բայց պատասխանատվության չի ենթարկվել։
«Երկիր Ծիրանի»-ի կանանց հատկապես մտահոգեց այն հարցը, որ Թոխատյանը շարունակելու է նրա հետ աշխատել նաև հետագայում։ Թոխատյանին բնորոշելով որպես գավառական թամադա՝ Սոնա Աղեկյանն հարցրեց, թե ինչ երաշխիքներ կան, որ նրա խոստումները իրականություն կդառնան․ - «Գույքագրում չի կատարվել, փորձաքննություն չկա․․․ Առանց թերությունների ակտի կազմման, դուք նվիրաբերում եք հերթական համայնքային միջոցից: Եվ ի՞նչ երաշխիք ունենք, որ հերթական պատմամշակութային կոթողը իր նպատակին է ծառայելու, մնալու է իբրև մշակութային կոթող, պահպանելու է երբեմնի մշակութային նշանակությունը, այլ ոչ թե վերածվելու է հերթական սրճարանի, սաունայի կամ հարսանյաց սրահի՝ ապահովելով մեր գավառական թամադայի մշտական աշխատանքը»:
Ավագանու ընդդիմադիր անդամները պնդում էին, թե քաղաքապետարանն իրականացնում է հերթական կոռուպցիոն գործարքը: Թոխատյանը լուռ էր, չէր արձագանքում։ Նրա փոխարեն խոսեցին Հանրապետական խմբակցության անդամներն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Վերջինս ընդդիմադիրներին հորդորց՝ մի մրմռացեք:
«Էդ մարդը, որը շուտով 60 տարեկան ա դառնում, կյանքում մենակ թամադա՞ ա եղել: Էդ մարդը ոչ մի բան էս հանրապետության համար չի՞ արել: Իսկ էդ խոսացողները ի՞նչ են արել էս հանրապետության համար», - ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, ռեժիսոր Արա Երնջակյանը:
Որոշման ընդունումից հետո ժողովրդական արտիստից «Ազատությունը» հետաքրքրվեց, ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ «Երկիր Ծիրանին» իրեն մեղադրում է իշխանությանը աջակցելու մեջ և իրեն բնութագրում է որպես գավառական քամադա: Թոխատյանի պատասխանը․ - «Էն մարդիկ, որոնք տարիներ առաջ, մոտավորապես 10 տարի առաջ միայն քեֆերի են մասնակցել, ուրեմն ընդեղ են ինձ տեսել, թամադա են դիմում: Միայն դա: Ուրիշ բացատրություն դրան չունեմ: Իսկ թե ինչու եմ թամադայություն արել, ես մի անգամ բացատրել եմ: Էդ գումարներով նկարել եմ «Մեր այբբենարանը» և բեմադրել եմ երկու ներկայացում»:
Ավագանին այսօր քննարկեց ու ընդունեց նաև Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը։ Թեև «Երկիր Ծիրանին» ու «Ելքը» դեմ քվեարկեցին այս հարցին, սակայն ծրագիրն այնուամենայնիվ հաստատվեց։
Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց՝ դրանում անդրադարձ կա բոլոր ոլորտներին։
«Երկիր Ծիրանին», սակայն, նկատեց, որ ծրագրում լուրջ աշխատանք չկա, ամեն ինչ հիմնված է կամ քեֆ-ուրախություններին, կամ սոցիալական անապահով խավերին նվերներ տալու վրա։
Մարինա Խաչատրյանը նաև շեշտեց՝ շատ են արտատպումները․ - «Ծրագիրը կազմված է 187 էջից, որից 70 էջը վերաբերվում է Երևանի վարչական շրջաններին, և կարելի է ասել, որ յուրաքանչյուր վարչական շրջանից մեկը մյուսից արտատպել են»:
Ընդդիմադիր մյուս ուժը՝ «Ելքը», արտատպումների հարցում համաձայնեց «Երկիր Ծիրանի»-ի հետ՝ նշելով, որ ծրագրին հստակությունն է պակասում:
Երեկ Արմավիրի մանկապարտեզում դանակով զինված տղամարդու կողմից երեխայի պատանդառության դեպքից հետո «Ելք» խմբակցությունից Արայիկ Հարությունյանին մտահոգել էր նաև Երևանյան մանկապարտեզների անվտանգության հարցը։ Նա Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց, թե ինչ լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, որպեսզի նույն պատկերը մի օր նաև երևանում չկրկնվի։ Քաղաքապետն արձագանքեց․ - «Խնդրելու ենք Երևան քաղաքի ոստիկանությանը, որպեսզի հսկողությունը իրենք էլ նաև ուժեղացնեն, և տեսնենք հետագայում անվտանգության առումով ինչ քայլեր ենք ձեռնարկելու»: