Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» անդամին «անհապաղ» ազատելու և հիվանդանոց տեղափոխելու պահանջը


«Սասնա ծռերի» գործով նիստ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, արխիվ
«Սասնա ծռերի» գործով նիստ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, արխիվ

Դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին ազատ արձակելու միջնորդությունը, չնայած փաստաբանները պնդում էին, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ոտքի շրջանում հրազենային վնասվածք ստացած 30-ամյա Հարությունյանին, ըստ պաշտպան Հայարփի Սարգսյանի, անհապաղ պետք է հիվանդանոց տեղափոխել, քանի որ ՔԿՀ-ում բուժօգնություն չի ստանում:

Հովհաննես Հարությունյանը քայլում է հենակի օգնությամբ, նախորդ նիստին հենց ինքը դատարանին պատմեց, որ բժշկական օգնություն չի ստանում: «Բացի այն, որ առաջին օրը գնդակներ են հանել ոտքիս միջից, մինչև հիմա ոտքիս մեջ կան լիքը ասկոլկեք, ոտքս ձեռքիցս բարակ ա դարձել արդեն: Ու ես մի խցում եմ մնում, որը կարցեր ա՝ մետրուկես լենքն ա, չորս մետր երկարությունը, բետոն ա ու ոչ մի բան չկա: Չափից ավել հայրենասիրությունը նշանակում ա, որ պետք ա էդ մարդուն միանգամից ոչնչացնել»,- ասել էր Հովհաննես Հարությունյանը:

Նրան ազատ արձակելու պահանջով այսօր ներկայացված միջնորդությանը միացան գրեթե բոլոր փաստաբանները: Մուշեղ Շուշանյանի գնահատմամբ՝ Հարությունյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում, «եթե ոչ խոշտանգում»: Փաստաբան Լուսինե Սահակյանը շարունակեց՝ Հովհաննես Հարությունյանը խնամակալի կարիք ունի, նա չի կարող ինքն իր մասին հոգ տանել, և այս մասով բողոքը Եվրոպական դատարանում կբավարարվի, քանի որ «ակնհայտ է՝ անձն ունի բուժման կարիք»: Պաշտպան Դավիթ Գյուրջյանն էլ դատավորին «Հաց բերող» Արթուր Սարգսյանի «ողբերգական նախադեպը» հիշեցրեց՝ հորդորելով սովորել սխալներից:

Մեղադրող դատախազն առարկեց, որ զինված խմբի անդամն ազատ արձակվի, ասում էր՝ փաստաբաններն ընդամենը ենթադրություններ են անում, թե նրա առողջական վիճակը կարող է վատթարանալ: «Եվ դրանով ինչ-որ տպավորություն ստեղծելու փորձը, կարծում եմ, էդքան էլ հաջողված չէր»,- ասաց մեղադրողը:

Այս միջնորդությունից բացի դատավոր Արթուր Օհանյանն այսօր մերժեց նաև «Սասնա ծռեր»-ի երեք վարույթները նորից միավորելու՝ փաստաբանների պահանջը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ամիսներ շարունակ չկարողանալով ավարտել դատավարության նախապատրաստական փուլը՝ որոշեց իր այլ գործընկերների հետ քննել գործը: Պաշտպանները տարակուսած են՝ նույն վկաներին ու տուժողներին երեք անգա՞մ են հարցաքննելու, հարց են տալիս նրանք ու արձանագրում՝ ամեն ինչ ձևական է: «Սա քաղաքական դատավարություն է, դատական ակտն էլ վաղուց կայացված է, մենք հիմա այստեղ ձև ենք թափում, բայց գոնե այդ ձև թափելն էլ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան լինի»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Դատավարությունը կշարունակվի երկու շաբաթից: Այս գործով անցնող խմբի տարբեր անդամներ մեղադրվում են սպանության, ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG