Մատչելիության հղումներ

«Կատալոնիան կընդունի արտահերթ ընտրությունների ցանկացած արդյունք»․ Պուջդեմոն


Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավարը պատասխանում է լրագրողների հարցերին, Բրյուսել, 31-ը հոկտեմբերի, 2017 թ.

Անցած օրերին Բրյուսելի քաղաքական շրջանակներում լուրեր էին տարածվել, թե Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուջդեմոնը գուցեև Բելգիայում քաղաքական ապաստան կհայցի: Հավանաբար եղել է ինչ-որ նախնական տեղեկատվություն, թեպետ ինքը՝ Պուջդեմոնն այդ մասին հայտարարություն չի արել:

Եվ ահա, Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավարը երեկվանից արդեն Բրյուսելում է: Այսօր նա քննարկումներ է անցկացրել «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության բրյուսելյան գրասենյակում, ապա ասուլիս է հրավիրել Եվրոպական միության կենտրոնական համալիրի մոտ գտնվող՝ Բրյուսելի մամլո ակումբում:

Ի դեպ, այստեղ Պուջդեմոնին սպասել են Իսպանիայի պետական դրոշներն ու «Օրենքի գերակայություն» կարգախոսով պաստառ պարզած մի խումբ ցուցարարներ՝ Իսպանիայի միասնության ջատագովներ, ովքեր, սակայն, չեն խոչընդոտել Պուջդեմոնի մուտքը մամուլի ակումբ:

Վերջինս ասել է, թե երկրամասն անկախություն է հռչակել, գիտակցելով, որ երկխոսությունն Իսպանիայի կենտրոնական իշխանության հետ հնարավոր չէ: Նրա հավաստիացմամբ, Կատալոնիան ընտրում է անկախության հասնելու խաղաղ ճանապարհը: Պուջդեմոնը հայտնել է, որ Բրյուսելում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է իրավական հարցերը կարգավորելու համար և պնդել է, որ անմիջապես կվերադառնա հայրենիք, եթե Մադրիդը կերաշխավորի ազատ և արդար դատական գործընթաց​ը:

«Ես այստեղ չեմ եկել քաղաքական ապաստան հայցելու համար, սա բելգիական խնդիր չէ, ես Բրյուսելում եմ, որովհետև դա Եվրոպայի մայրաքաղաքն է: Ես այստեղ եմ ազատ և անվտանգ գործելու համար»,- ասել է Պուջդեմոնը:

Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մազան հայտնել է, որ Կատալոնիայի վեց ղեկավարներ, այդ թվում Պուջդեմոնը, մեղադրվում են ապստամբության, պաշտոնեական դիրքի չարաշահման և մեքենայությունների մեջ: Գործը քննելու է դատավոր Պաբլո Լարենա Կոնդեն: Վեց ամբաստանյալների ցանկում է նաև Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե ֆորկադելը, ով երկրամասի՝ Իսպանիայից անջատման գաղափարի նվիրյալներից է:

Պուջդեմոնն ասել է նաև, որ ինքը և իր թիմը կշարունակեն աշխատանքը, չնայած ներկայիս հանգամանքներից բխող սահմանափակումներին: Նա հայտարարել է, որ Կատալոնիայի երկրամասի իշխանությունը կընդունի Մադրիդի որոշմամբ դեկտեմբերի 21-ին նշանակված տեղական ընտրությունների ցանկացած արդյունք և ընդգծել, որ Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ամենաակտիվ կերպով կմասնակցեն դեկտեմբերյան քվեարկությանը:

«Մադրիդն ուզում է, որ Կատալոնիան հրաժարվի մեր քաղաքական նպատակից, դա չի լինի»,- ասել է Կարլես Պուջդոմոնը: Միաժամանակ՝ Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավարն ընդգծել է, որ այսօր ամենակարևորը երկխոսությունն է: Նա կոչ է արել իր աջակիցներին՝ զերծ մնալ բռնի մեթոդներից: Մինչդեռ, Իսպանիայի սահմանադրական դատարանն այսօր հայտարարել է, որ սառեցնում է Կատալոնիայի խորհրդարանի՝ անցած ուրբաթ օրն ընդունած անկախության հռչակագիրը և քննում է դրա օրինականությունը:

Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցկացվել էր անկախության հանրաքվե: Մադրիդը հրաժարվել է բանակցել անջատականների հետ և, ի պատասխան Կատալոնիայի խորհրդարանի ընդունած անկախության հռչակագրի, կիրառել է Սահմանադրության 155-րդ հոդվածը, անմիջական կառավարման տակ է վերցրել երկրամասն ու լուծարել տեղական իշխանությունը:

Իսպանիայի 1978 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, երկրի միասնականությունն անձեռնմխելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG