Մատչելիության հղումներ

Երևանում առաջին մենահամերգով հանդես կգա Ալեքսանդր Ռոմանովսկին


Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի շրջանակներում այսօր Երևանում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, փառատոնի ռեզիդենտ մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկին: Նա կկատարի Ռոբերտ Շումանի, Մոդեստ Մուսորգսկու և Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից:

Ուկրաինայում 1984 թվականին ծնված Ալեքսանդր Ռոմանովսկին Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկովյան վիրտուոզների» հետ արդեն մեծ համբավ էր ձեռք բերել: Ապա 14-15 տարեկանից ուսանել է Իտալիայի երաժշտական ակադեմիայում, հետո կրթությունը շարունակել եվրոպական հեղինակավոր երաժշտական այլ կրթօջախներում և շատ երիտասարդ տարիքից արդեն հանդես է եկել աշխարհի ամենատարբեր հեղինակավոր բեմահարթակներում:

«Նախևառաջ ինձ համար շատ կարևոր է այս համերգն այն առումով, որ սա իմ առաջին մենահամերգն է Երևանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց 33-ամյա դաշնակահարը:

Մեր երաժշտասերները ծանոթ են Ռոմանովսկու կատարողական արվեստին: Նա արդեն մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, բայց երբեք նախկինում այստեղ մենահամերգով հանդես չի եկել:

«Իսկ մենահամերգը շատ պատասխանատու մի բան է արվեստագետի համար, որովհետև համերգի ողջ պատասխանատվությունը քեզ վրա է ընկնում», - ասաց նա:

Ռոմանովսկին նշեց նաև, որ Երևանում իրեն հրաշալի է զգում․ - «Ասես տանը լինեմ: Ինձ արդեն լավ ծանոթ ու հարազատ են ձեր փողոցները, շենքերը, ձեր հանդիսատեսը, որն ամեն անգամ մեծ սիրով ու ջերմությամբ է ինձ ընդունել: Վստահ եմ, որ այս երեկո ևս երաժշտասերներին հուսախաբ չեմ անի»:

Հարցին, թե իր կյանքում, բացի երաժշտությունից, ինչն է ամենակարևորը, պատասխանեց․ - «Կարծում եմ, որ ամենակարևորը կյանքում լավ մարդ լինելն է: Կարծում եմ, որ սա մեզանից յուրաքանչյուրի նպատակն է, գուցե առաքելությունը՝ լավ մարդ լինել, այնպես ապրել, որ հնարավորինս Աստծուն մոտ լինես: Եվ երաժշտությունն այս հարցում մեզ շատ է օգնում»:

Ալեքսանդր Ռոմանովսկու կարծիքով, լավ, հաջողակ երաժիշտ լինելու համար մի շարք գործոններ են անհրաժեշտ, ինչպես կատակով ասաց՝ առնվազն 120 գործոն: Իրականում երիտասարդ, տաղանդաշատ դաշնակահարի համոզմամբ, պարզապես ամեն մարդ նախապես իր համար նախանշված ճանապարհը պիտի անցնի․ - «Իրականում յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի, և հարկ չկա որևէ մեկին նախանձել, որքան էլ ուզենաս նրա տեղում չես կարող լինել: Իրականում մեզնից յուրաքանչյուրն իր տեղում է, և դա ամենալավ տեղն է»:

Ռոմանովսկին Երևան է ժամանել Ճապոնիայից, անմիջապես հետո մեկնելու է նախ Շվեյցարիա, որտեղ բնակվում է, հետո կսկսվեն հյուրախաղերը Իտալիայում, Պորտուգալիայում, Կոստա Ռիկայում և այդպես շարունակ:

Բայց այս չափազանց խիտ գրաֆիկը, նրա խոսքով, «բոլորովին էլ դժվար չէ», որովհետև երաժշտությունը իրեն անչափ մեծ ուժ և եռանդ է տալիս․ - «Երաժշտությունը 200 տոկոսով վերականգնում է ուժերդ, ուժ է տալիս, խորասուզվում ես բոլորովին մի այլ աշխարհ և ոչ միայն դու, այլև ուրիշ մարդկանց ես քեզ հետ միասին համերգի ժամանակ խորասուզում այդ աշխարհը: Եվ սա իրոք մեծ փրկություն է այդ թվում և ինձ համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG