Մատչելիության հղումներ

911-ին զուգահեռ կգործի ևս մեկ փրկության հեռախոսահամար՝ 112


ՀՀ ԱԻՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԻՆ շենքը Երևանում, արխիվ

112 ահազանգման համարը, որը Եվրամիության բոլոր երկրներում, Ռուսաստանում և ասիական գրեթե բոլոր երկրներում կիրառում և ճանաչում են որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար, այսուհետ պետք է լայնորեն ճանաչվի և 911-ին զուգահեռ գործարկվի նաև Հայաստանում, ասված է արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում:

Հարցը քննարկվել է նախարարությունում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցությանը, որ վարել է նախարար Դավիթ Տոնոյանը և որին մասնակցել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, բջջային օպերատորների ներկայացուցիչները:

«112 փրկության համարը լիովին համապատասխանում է Միացյալ ահազանգման եվրոպական ասոցիացիայի տեխնիկական չափանիշներին: 112-ը առավել ճանաչելի և հեշտ կիրառելի է նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար, որոնք արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես կարող են հավաքել միացյալ ահազանգման հեռախոսահամարը: Միջազգային ճանաչելիությունից բացի՝ 112-ը տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է ստեղծում ահազանգերը օպերատիվ սպասարկելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աղետների և վտանգների դեպքում SMS հաղորդագրությունների միջոցով բնակչության ազդարարման մեխանիզմների ու տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG