Գերմանիայի հյուսիսում գտնվող Շվերին քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայի 19-ամյա քաղաքացու՝ ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով:
Ձերբակալությունը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան՝ Դաշնային ոստիկանության հատուկ գործողությունների շրջանակներում, հաղորդում են պաշտոնական աղբյուրները:
Ոստիկանության տվյալներով, Յամեն Ա.-ն որոշել էր Գերմանիայի տարածքում պայթյուն իրականացնել՝ նպատակ ունենալով սպանել հնարավորինս մեծ թվով մարդկանց: Գերմանական դատախազությունը վստահեցնում է, որ իրավապահներն այդ ամենը փաստող ապացույցներ ունեն: Սիրիացին, ըստ պաշտոնական աղբյուրների, արդեն հստակ քայլեր էր ձեռնարկել ահաբեկչության իրականացման ուղղությամբ՝ այս տարվա հուլիսից ձեռք բերելով պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր և դետալներ:
Որևէ ահաբեկչական կառույցի Յամեն Ա․-ի անդամակցության մասին տվյալներ չկան: