Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տրիբունալի կողմից դատապարտված գեներալը՝ դասախոս Սերբական ռազմական ակադեմիայում․ ԵՄ-ը զգուշացնում է


 ԵՄ խոսնակ Մայա Կոսիյանչիչ, արխիվ
ԵՄ խոսնակ Մայա Կոսիյանչիչ, արխիվ

Եվրամիությունը Սերբիային զգուշացնում է, որ պատերազմական հանցագործություններում մեղավոր ճանաչված գեներալին ռազմական ակադեմիայում դասախոս նշանակելը հակասում է ԵՄ սկզբունքներին, որին Բելգրադը ցանկանում է միանալ:

Պաշտոնաթող գեներալ Վլադիմիր Լազարևիչը ՄԱԿ-ի ռազմական տրիբունալի կողմից 14 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ 1998-1999 թվականների պատերազմի ժամանակ Կոսովոյում սերբ զինվորականների գործադրած վայրագությունների համար: Պատժաչափի երկու երրորդը կրելուց հետո Լազարևիչը 2015 թվականին ազատ է արձակվել:

«Ակնկալում ենք, որ քաղաքական առաջնորդները կհարգեն անցյալի հակամարտությունների զոհերին և անկեղծորեն կնպաստեն հաշտեցմանը Արևմտյան Բալկաններում», - երեկ հայտարարել է Եվրամիության խոսնակ Մայա Կոսիյանչիչը:

«Քաղաքական առաջնորդները պետք է գործադրեն բոլոր ջանքերը անցյալի բարդ ժառանգությունը հաղթահարելու և փոխադարձ վստահությունը, երկխոսությունն ու հանդուրժողականությունը խթանելու համար», - նաև նշել է Եվրամիության խոսնակը՝ հավելելով․ - «Սերբիան՝ որպես Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկիր, չի կարող շեղվել այդ սկզբունքներից: Դատապարտված պատերազմական հանցագործին Սերբական ռազմական ակադեմիայում նշանակելը հակասում է այդ սկզբունքներին»:

Լազարևիչը սերբական զորքերի հրամանատարն էր Կոսովոյում, երբ Բելգրադը ռազմական գործողություններ էր իրականացնում ալբանացի անջատականների դեմ: Հակամարտության արդյունքում ավելի քան 10 հազար մարդ է սպանվել: Արյունահեղությունը դադարել է 1999 թվականին ՆԱՏՕ-ի 78-օրյա ռմբակոծությունից հետո: Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, որը հռչակվել է 2008 թվականին:

Լազարևիչը անցյալ շաբաթ իր առաջին դասախոսությունն է կարդացել ակադեմիայում՝ «Սերբ զինվորների հերոսությունն և մարդասիրությունը ՆԱՏՕ-ի ագրեսիայից պաշտպանվելիս» խորագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG