Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանի նախագահը Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի նախագահի հետ


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը, նախանշել տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությունները: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այս տարվա հունիսին Ռահմոնի կատարած պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերություններին:

Բաբլոյանը նշել է, որ առկա է անհրաժեշտ ներուժ փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունների կարգավորմանը: Տաջիկստանի նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ:

Նույն օրը պատվիրակությունը հանդիպել է նաև Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ:

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը և Ռոմիկ Մանուկյանը, Տաջիկստանում է Էմոմալի Ռահմոնի նախաձեռնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG