Մատչելիության հղումներ

«Միտինգ անելով խուսափել հարկերից՝ դա բացառվում է, չի լինելու». ՊԵԿ նախագահ


Վարդան Հարությունյան
Վարդան Հարությունյան

Փոքր բիզնեսով զբաղվող մի խումբ անհատ ձեռներեցներ այս պահին բողոքի ցույց են անցկացնում Ազգային ժողովի շենքի դիմաց՝ պահանջելով իրենց չենթարկել «հարկային տեռորի»։

«Մենք ապրանքը ներմուծում ենք, ներմուծման փողը վճարում ենք, հարկերը մուծում ենք բավական չէ, հիմա էլ, եթե ապրանքը, օրինակ, խանութից պետք է տեղափոխենք պահեստ, մեզ պարտադրում են տեղափոխման գործընթացը առցանց գրանցել, կտրոն ունենալ, եթե ոչ՝ 240 հազար տուգանում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը՝ շարունակելով. - «Ամեն ապրանքի տեղափոխումը պետք է անի հաշվապահը, իսկ դա գումար արժե, հաշվապահն անվճար դա չի անի։ Մենք համաձայն ենք ամեն ինչի գումարը միանգամից տանք սահմանին ու էլ խնդիրներ չունենանք»։

Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի քննարկումներին մասնակցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում բավականին կոշտ արձագանքեց ցուցարարների բողոքին։

«Օրենսդրությամբ սահմանված կարգով բոլորը պետք է հարկ վճարեն։ Ակցիա կամ միտինգ անելով խուսափել հարկերից` դա բացառվում է, չի լինելու», - ասաց ՊԵԿ նախագահը՝ շարունակելով. - «Այդ առևտրականների հետ ուրբաթ թե շաբաթ օրը հանդիպում է եղել, մանրամասն բացատրվել է, թե ինչ պետք է անեն, եթե դրանից էլ են խուսափում և փորձում են մանիպուլյացիայի միջոցով խուսափել հարկերից, չի լինելու։ Կոշտ վարչարարություն է լինելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից հրաժարվում են, որովհետև շրջանառությունը չեն ուզում ցույց տալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG