Մատչելիության հղումներ

Սոցցանցերը ռուսական ծագման հրապարակումների մասին տվյալներ են ներկայացնում


Facebook-ի տվյալներով` 2015-2016 թվականներին շուրջ 126 միլիոն ամերիկացի դիտել է ռուսաստանյան աղբյուրների կողմից սոցիալական ցանցում տեղադրված ավելի քան 80 հազար գովազդ և այլ նախընտրական նյութեր:

Կոնգրեսի անդամների փոխանցած Facebook-ի նամակում նշվում է նաև, որ ռուսաստանյան հրապարակումների նպատակը ԱՄՆ-ում քաղաքական գործընթացների վրա ազդելն էր: Facebook-ի իրավական հարցերով ներկայացուցչի խոսքով՝ այդ հրապարակումները տեղադրվել են անհայտ օգտատերերի կողմից, ինչը հակասում է Facebook-ի կանոններին:

Միաժամանակ, Twitter-ը իր մոտ հայտնաբերել է Ռուսաստանի հետ կապ ունեցող 2 հազար 752 օգտահաշիվ, Reuters-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Այս տեղեկատվությունը հայտնի է դառնում այն բանից հետո, երբ ազդեցիկ սենատոր դեմոկրատ Մարկ Ուորները քննադատության է ենթարկել Twitter-ին տեղի ունեցածի շուրջ ոչ-բարեխիղճ հետաքննության համար: Բոլոր 2 հազար 752 օգտահաշիվները այսօրվա դրությամբ արգելափակված են:

Facebook-ի, Twitter-ի և Google-ի ներկայացուցիչները այս շաբաթ ելույթներ են ունենալու Կոնգրեսի տարբեր հանձնաժողովներում՝ ներկայացնելու ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ռուսաստանյան ընկերությունների ապատեղեկատվության շուրջ իրենց ուսումնասիրության արդյունքները: Ռուսաստանյան հրապարակումները հիմնականում վերաբերում էին ԱՄՆ-ում սուր վիճաբանությունների առարկա դարձած հարցերին՝ ինչպես, օրինակ, միջռասայական ամուսնությունները, զենքի վաճառքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG